Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչքան հունիսի 20-ը մոտենում է՝ «հողեր տալու» լուրերը շատանում են, ոչ մի կրակոց չի եղել գյուղում»․ Իշխանասարի ուսուցիչը մանրամասներ է պատմում․ տեսանյութ

«Ոչ մի կրակոց չկա գյուղում, հանդարտ սովորական վիճակ է, ինչքան հունիսի 20-ը մոտենում է՝ երկիրը տալու ենք էդ տականքերի ասելով», - այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի դպրոցի շախմատի ուսուցիչ Սեւակ Մուսաթյանը՝ անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ եւ մարտեր են ընթանում։ 

«Ոչ մի բան չկա, կարող է մեկը առաջ է եկել քայլելով․ Գորիսի փոխքաղաքապետը գրել էր Վերին Շենի հատվածում եկել են առաջ, բայց դրանք քայլելով են գալիս, ոչ թե գրավելով», - ասաց Մուսաթյանը եւ ընգծեց, որ ինչքան ընտրությունների օրը մոտենա, այնքան սուտ լուրեր են տարածելու եւ ահագնանալու է։ 

«Նախկին Սյունիքի մարզպետը ասում է՝ իմ տեղեկությունով, լսելով․․․ Լսելով լու՞ր են տարածում։ Իշխանասարի սահմանի կեսը ընկնում է մեր կողմ, մյուս կեսը իրենց կողմ, կարող է ինչ-որ տեղ առաջ են եկել, որ կանգնեն, բայց ոչ մի կրակոց էլ չկա», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ առավոտից լուրեր են տարածվում, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի շրջանում հակառակորդը առաջացել է եւ մարտեր են ընթանում։

ՊՆ-ն հերքել էր մարտերի մասին լուրերը եւ հայտարարել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ 

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», - հայտարարել էր ՊՆ-ն։