Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր տարածք մուտք չեն գործել, առաջ գալու փորձեր չեն եղել, ընդամենը պոստերի տեղերն են հստակեցնում». Գեղարքունիքի մարզպետ

«Մեր տարածք մուտք չեն գործել, առաջ գալու փորձեր չեն եղել, ընդամենը պոստերի տեղերն են հստակեցնում». Գեղարքունիքի մարզպետ
Հայաստան
16:52, 12 май 2021
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսի հատվածում։ Ըստ այդ հրապարակումների՝ տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդը հայկական վերահսկողության տակ գտնվող որևէ տարածք մուտք չի գործել։ Խնդիրը առաջացել է նրանից, որ լեռնային այդ գոտում ձմռանը առատ ձյան պատճառով, կլիմայական բարդություններից ելնելով հակառակորդը պոստեր չէր դրել։ Իսկ հիմա, երբ եղանակային պայմաները մեղմվել են, նրանք եկել են և իրենց վերահսկողության տակ անցած տարածքների որոշ հատվածներում պոստեր են դնում. «Տեղի է ունենում այն պրոցեսը, ինչ կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այսինքն սահմանազատման որոշակի պրոցես է գնում, դիրքեր են դնում։ Մերոնք տեղում են, ամեն ինչ հսկողության տակ է։ Լարվածություն չկա։ Կողմերը իրար հետ բանակցում են, տեղերն են գտնում, որոշում են»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ հենց այս պահին գնում է մանրամասներին տեղում ծանոթանալու համար։

Մարզպետը հարկ համարեց ընդգծել, որ հակառակորդը առաջ չի եկել.«Մեր տարածք մուտք չեն գործել, առաջ գալու փորձեր չեն եղել։

Ընդամենը պոստերի տեղերն են հստակեցնում, որ սահմանագծով ճիշտ դիրքավորվեն»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հակառակորդը այդ գործողությունները սկսել է իրականացնել այսօր։

Արփի Հարությունյան