Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը իր սադրիչ գործողություններով փորձում է ազդել մեր ներքաղաքական զարգացումների վրա. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանական կողմը իր սադրիչ գործողություններով փորձում է ազդել մեր ներքաղաքական զարգացումների վրա. Տաթեւիկ Հայրապետյան
Հայաստան
19:00, 12 май 2021
Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված նախընտրական իրավիճակը, իր սադրիչ գործողություններով և հայտարարություններով շարունակաբար փորձում և փորձելու է ազդել մեր ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև հանրային տրամադրությունների վրա։

Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպին:

«Իմ համոզմամբ, սա Ադրբեջանի կողմից պատերազմից հետո իրականացվող հոգեբանական պատերազմի բաղադրիչ է։ Անկախ քաղաքական հայացքներից, իշխանության հանդեպ վերաբերմունքից՝ ներքաղաքական պայքարի համատեքստում անվտանգային հարցերի վերաբերյալ չճշտված տեղեկատվության տարածումը, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն միտված քայլերը չեն բխում մեր պետության անվտանգային շահերից, ավելին՝ ծառայեցվում են Ադրբեջանի հետապնդած նպատակների իրագործմանը։ Իշխանության համար մղվող պայքարում չպետք է երբեք հատել կարմիր գծեր, անտեսել պետական շահը և մոռանալ, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։