Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանը՝ Քոչարյանի դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ․ ինչու էր Արամ Վարդևանյանը դատավորին միջնորդում դատը հետաձգել մինչ ընտրությունների ավարտը

Պաշտպանը՝ Քոչարյանի դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ․ ինչու էր Արամ Վարդևանյանը դատավորին միջնորդում դատը հետաձգել մինչ ընտրությունների ավարտը
Հայաստան
19:56, 12 май 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր հայտարարություն տարածեց՝ նշելով, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գլխավորում է շտաբի աշխատանքները տանից, քանի որ վատառողջ է։ Սակայն հայտարարության մեջ ուշագրավ էր այն փաստը, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ Արամ Վարդևանյանը ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանն է եղել ոչ միայն «մարտի 1»-ի գործով, նա ներկայումս պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի շահերը նաև գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու մեղադրանքի գործով, և դատարանում հանդես է գալիս բավական ընդարձակ միջնորդություններով։

Հատկանշական է, որ մայիսի 11-ին Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչև հունիսի 20-ը՝ արտահերթ ընտրությունները, նիստ չգումարելու մասին։ Սակայն նա դատարանում նշեց միայն Ռոբերտ Քոչարյանի կողմից ընտրություններին մասնակցելու՝ դաշինքը ղեկավարելու, քարոզարշավներ իրականացնելու հանգամանքը՝ հղում անելով Սահմանադրությամբ ու միջազգային կոնվենցիաներով ամրագրված ընտրվելու իրավունքին, և ոչ մի խոսք իր կողմից ընտրություններին մասնակցող դաշինքի աշխատանքներում ներգրավվելու մասին։ 

Civic.am
-ը կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հետ՝ ճշտելու, արդյոք ժամանակի առումով կարող է համատեղել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի և պաշտպանի գործառույթները, սակայն նա առաջարկեց՝ երկու-երեք օրից մանրամասն պատասխանել իր զբաղվածության վերաբերյալ համատեղելիության հարցերին։ 

Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից ինքը կարող է և՛ պաշտպանի գործառույթներն իրականացնել, և՛ զբաղվել ընտրություններին պատրաստվող դաշինքի աշխատանքներով, քանի որ մեկը մյուսին բացարձակապես չեն խանգարում։  

Հարցին՝ ինչ գործառույթներ եք իրականացնելու՝ Վարդևանյանն ըդգծեց, որ կհամակարգի «Հայաստան» դաշինքի բուն գործունեության հետ կապված հարցերը՝ իրավական ներկայացուցչությունը, կազմակերպական բնույթի հարցերով ներկայացուցչությունը և այլն։ Ինչ վերաբերում է քարոզարշավներին իր ներկայությանն ու ընտրացուցակում իր անվան առկայությանը՝ փաստաբանի խոսքով՝ այդ մասին որևէ տեղեկություն չունի։ 

Նարա Մարտիրոսյան