Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բացառվում էր, որ մերոնք 3 կմ հետ քաշվեին, դիրքեր չլինելու պատճառով են առաջ եկել»․ Գորիսի փոխքաղաքապետ

«Բացառվում էր, որ մերոնք 3 կմ հետ քաշվեին, դիրքեր չլինելու պատճառով են առաջ եկել»․ Գորիսի փոխքաղաքապետ
Հայաստան
12:53, 13 май 2021
«Ադրբեջանցիները 3կմ առաջ են եկել, մոտեցել են Վերիշեն բնակավայրին։ Սև լիճն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է անցել։

Իրավիճակը երեկվանից նույնությամբ պահպանվում է»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

Մեր հարցին՝ ինչ փուլում են բանակցություններն, արդյո՞ք ավարտվել են՝  փոխհամայնքապետն արձագանքեց․ «Եթե բանակցություններն ավարտված լինեին պետք է կռիվ սկսեր, դեռևս ընթանում են»։

Մենուա Հովսեփյանի խոսքով՝ Սև լճի հատվածում հայկական կողմը դիրքեր չի ունեցել՝ այդ պատճառով էլ ադրբեջանական կողմն առաջ է եկել, և հասնելով մեր դիրքերին կանգ առել․ «Բացառվում էր, որ մերոնք հետ քաշվեին, դիրքեր չլինելու պատճառով են առաջ եկել»,-ասաց նա ու հավելեց․ «Մենք արդեն վեց ամիս է խոսում ենք, որ այդ հատվածում դիրքեր պետք է կառուցվեն։ Բնակչությունն ամուր կանգնած է իր տեղում, մեր հողն է, մեր տունն է, բոլորն էլ պաշտպանելու են իրենց տունը»։

Մենք կապ հաստատեցինք նաև Պաշտպանության նախարարության հետ ճշտելու՝ արդյո՞ք հայկական կողմը չունի դիրքեր Սև լճի հատվածում, սակայն ՊՆ-ից շեշտեցին, որ ռազմական դիրքերի տեղակայման վայրերը հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ընդգծեց, որ պետք է առանձին քննարկվի, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ․ «Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա։ Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ կա նաև մեր զինվորների ներկայություն մեծ թվով։ Տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»։


Նարա Մարտիրոսյան