Քաղաքացիակենտրոն
լրատվություն

90․400 դրամի փոխարեն՝ 276․000, 141․400-ի փոխարեն՝ 477․200․ գիտության ոլորտի աշխատավարձերը կբարձրանան

90․400 դրամի փոխարեն՝ 276․000, 141․400-ի փոխարեն՝ 477․200․ գիտության ոլորտի աշխատավարձերը կբարձրանան
Հայաստան
13:24, 13 май 2021
Այսօր Կառավարության նիստում ընդունվեց նախագծի փաթեթ,որով նախատեսվում է նորմավորել և սահմանել  պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը։

Նախագծով նախատեսվում է 2022 թվականին սահմանել գիտական աշխատողների  և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի, մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ, մինչև Հանրապետության մասշտաբով այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ։

Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պատշաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ՝ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաև, ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը։

ԿԳՍՄ նախարար Վահրամն Դումանյանը նշեց, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու՝ կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան պահանջների սահմանման համար։ Նախգիծը շրջանառվել է 8 գերտեսչություններում և Գիտությունների ազգային ակադեմիայում․ «Օրինակ՝ այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90․400 դրամ։ 2025 թվականին այս թիվը կդառնա 276․000 դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը այսօր կազմում է 141․400 դրամ և 2025 թվականին այն կկազմի 477․200 դրամ»։

Դումանյանի խոսքով՝ այս սրընթաց շեշտակի փոփոխության համար նախատեսվում է 2022 թվականին ֆինանասվարումն ավելացնել 3,6 միլիարդ դրամով, 2023 թվականին՝ 2,2 միլիարդ դրամով, 2024 թվականին՝ 2,4 միլիարդ դրամով, և 2025 թվականին՝ 2 միլիարդ դրամով։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ փաստացի բազային աշխատավարձերը 2010 թվականից անփոփոխ են մնացել, և դրանց չափաքանակը հաջորդ տարվանից կրկնապատկվելու է։ Այսօրվա 4 միլիարդի փոխարեն, մոտավորապես, 7,7-7,8 միլիարդ դրամ է լինելու, և 2025 թվականին 4 միլիարդը դառնալու է 14,4 միլիարդ դրամ․ «Եվս մեկ օրինակ բերեմ՝ գլխավոր գիտաշխատողի դեպքում, միջինում այսօր աշխատավարձը 138․000 դրամ է, հաջորդ տարի նրա աշխատավարձը լինելու է 367․000 դրամ, իսկ 2025 թվականին մոտավորապես 553․000 դրամ»։

Նա հավելեց, որ թվերը վերաբերվում են միայն բազային աշխատավարձին և չեն վերաբերվում ծրագրային ֆինանսավորմանը, որը նույնպես այս տարի ավելացվել է։ Կառավարությունը 2,7 միլիարդ դրամ հավելյալ հատկացրել է գիտության պետական  կոմիտեին՝ ծրագրային ֆինանասվորման ավելացման համար, և արդեն իսկ մեկնարկել են 5-ամյա ծրագրերը։ Ավինյանը նշեց, որ դրանով  նաև որոշ լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ներկայացրեց, թե ինչո՞ւ են այս որոշումները կայացվում հենց այս ժամանակաշրջանում․ «2019-2020 թվականներից մեկնարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակումը և այս որոշումները շղթայի մի մասն են։ Նախ ընդունեցինք օրենքը, որից հետո արդեն ֆինանսավորման ավելացման մեխանիզմը գործարկեցինք։

Այդ շղթայի 3-րդ օղակը պետք է լինի կոնկրետ արդյունքը»։