Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական դավաճանության մեջ մեղադրվողն ազատության մեջ է. դատական նիստին չէր ներկայացել․ factor.am

Պետական դավաճանության մեջ մեղադրվողն ազատության մեջ է. դատական նիստին չէր ներկայացել․ factor.am
Հայաստան
14:20, 13 май 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, կայացավ պետական դավաճանության գործով դատական նիստը:

Նշենք,
որ մինչ այս դատական նիստը հայտնի չէր, թե ով է մեղադրյալը և ամենատարբեր անուններ էին շրջանառվում, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների: Դատարանում, սակայն, ամբաստանյալի աթոռին մի երիտասարդ էր՝ Մայիս Սահակյանը: Դատարան չէր եկել նրա կինը, որը չնայած լրտեսության համար է մեղադրվում, բայց ազատության մեջ է: Ամբաստանյալ Ստելլա Սարգսյանը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել:

Դատարանի հարցին, թե ինչո՞ւ, կալանքի տակ գտնվող նրա ամուսինն արձագանքեց․ «Երևի երեխայի»:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց այսօրվա դատական նիստը հետաձգել, քանի որ և՛ ամբաստանյալը, և՛ պաշտպանը ներկա չէին, միևնույն ժամանակ, միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալ Ստելլա Սարգսյանին և դատարան չներկայացած վկաներին:

Ամբաստանյալ Մայիս Սարգսյանը դատարանում ասաց, որ ինքը կարող է իր իրավունքները պաշտպանել, և որ ցանկանում է միջնորդել, որպեսզի վերացնեն իր տեսակցությունների և զանգերի վրա դրված կալանքը: Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև հունիսի 6-ը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ստելլա Սասունի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: