Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սև լճի տարածքում, որտեղ որոշակի թվով ադրբեջանցիներ են մտել, կան ավելի մեծ թվով հայ զինվորականներ, հատուկ նշանակության ջոկատայիններ․ ՊՆ

Սև լճի տարածքում, որտեղ որոշակի թվով ադրբեջանցիներ են մտել, կան ավելի մեծ թվով հայ զինվորականներ, հատուկ նշանակության ջոկատայիններ․ ՊՆ
Հայաստան
16:50, 13 май 2021
Երեկ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի մի քանի զինվորներ հատելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մտել են Հայաստան՝ Սյունիքի մարզի տարածք և անցնելով Սև լիճն առաջացել մոտ 3,5 կմ։ Մամուլում շարունակվում են հրապարակումներ տարածվել, որ Սյունիքի մարզի Սև լիճն ադրբեջանցի զինվորների վերահսկողության տակ է, ինչպես նաև խոսվում է այն մասին, թե հայկական կողմը ժամանակ է տվել ադրբեջանցիներին Հայաստանի տարածքը լքելու համար։ 

Civic.am
-ը կրկին կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ՝ պարզելու ներկայիս իրավիճակը։ 

«Չի կարելի ասել, որ Սև լճի տարածքը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իրենք ուղղակի եկել են այդ տարածք, բայց ընդհանուր տարածքում մեր զինվորականներն ավելի շատ են։ Այն տարածք, որտեղ որոշակի թվով ադրբեջանցիներ են մտել կան ավելի մեծ թվով հայ զինվորականներ, հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնք փորձում են առանց կրակոցի հարցը լուծել»,-պատասխանեցին ՊՆ-ից։ 

Ինչ վերաբերում է այդ սահմանագծում ռուս սահմանապահների առկայությանը՝ ՊՆ-ից նշեցին, որ բնականաբար ռուս սահմանապահներն ունեն այդ սահմանի երկայնքով տեղակայման վայրեր, և որոշ անվտանգության գործառույթներ իրականացնում են։ Սակայն ՀՀ սահմանի պահպանման հիմնական գործառույթները  դրված են ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի վրա։  

Պաշտպանության նախարարությունից չցանկացան մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ հայկական կողմից ադրբեջանական զորքերին ժամանակ է տրված՝ Հայաստանի տարածքը լքելու համար։ Սակայն Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը մեզ հետ զրույցում հերքեց ադրբեջանցիներին ժամանակ տալու մասին տեղեկատվությունը՝ որակելով այն որպես կեղծ․ «Նման բան չկա, դա կեղծ ինֆորմացիա է, բանակցությունները դեռ չեն ավարտվել, որ արդյունքների մասին տեղեկանանք»։

Մենուա Հովսեփյանի խոսքով սահմանագծի այն հատվածը որտեղով անցել են ադրբեջանցիները՝ միայն հայկական կողմի վերահսկողության տակ է։  

Նարա Մարտիրոսյան