Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը Ապրիլյանի հողային կորուստները չդիտարկեց Արցախի հանդեպ ոտնձգություն, և ուժի կիրառման դուռը կրնկի վրա բացվեց․ Արման Մելիքյան

Սերժ Սարգսյանը Ապրիլյանի հողային կորուստները չդիտարկեց Արցախի հանդեպ ոտնձգություն, և ուժի կիրառման դուռը կրնկի վրա բացվեց․ Արման Մելիքյան
Հայաստան / Տարածաշրջան
18:20, 17 февраль 2021
Civic.am-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ 

-Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաըկերությանը տված հարցազրույցում նշել է՝ «Երբ այս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին այսպես ասած՝ Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, դեպի պատերազմ»։ Ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը Ձեր տեսանկյունից։

-Եթե ճիշտ եմ հասկացել պարոն Սարգսյանի ասածն, ապա նա ձեռքբերում է որակում ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներում շրջանառության մեջ դրված այն գաղափարն, ըստ որի շփման գծում զինված միջադեպերի ֆիքսման ու կանխարգելման տեխնիկական համակարգ պետք է տեղադրվեր, ինչպես նաև ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի դաշտային առաքելության իրավասություններն էին ընդլայնվելու՝ տեղում մշտադիտարկում իրականացնելու համար: Ենթադրվում էր, որ այդ կերպ հնարավոր կլինի զսպել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, ինչը պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց անել: Դրան հակառակ պաշտոնական Բաքվին հաջողվեց կոտրել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մասին մշտապես կրկնվող պնդումները՝ Ադրբեջանը 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ դիմեց ռազմական ագրեսիայի ու բավական չէ, որ մնաց անպատիժ ուժ կիրառելու համար, այլ նաև տարածքային ձեռքբերումներ ունեցավ: Նշված տարածքային ձեռքբերումները որքան էլ աննշան համարվեին զուտ ծավալային առումով, այդուհանդերձ, դրանց քաղաքական նշանակությունը հսկայական էր՝ հայկական կողմերը հրաժարվեցին այդ կորուստները դիտարկել որպես Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացված ոտնձգություն, որը ենթակա է վերականգնման և, այդպիսով, հետագայում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման համար մինչ այդ հազիվ փակ պահվող դուռը կրնկի վրա բացեցին: 

-ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ իրենք երբեք չեն բանակցել այն մասին, թե ինչ են տալու, այլ մշտապես բանակցել են այն մասին, թե ինչ են ստանալու։ Ինչպե՞ս էր հնարավոր բանակցել միայն ստանալու մասին առանց որևէ քայլ զիջելու։ 

-Հավանաբար ցանկացել է ընդգծել, որ հակամարտության կարգավորումը հայկական կողմի համար չունի տարածքային բաղադրյալ և հանգում է բացառապես Արցախին՝ ԼՂԻՄ սահմաններում Ադրբեջանից անկախ կարգավիճակ տրամադրելու պահանջին: Ինչ-որ առումով սա նաև ակնարկ է առ այն, որ Սարգսյանի և իր համախոհների համար Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հարց գոյություն չի ունեցել և Բաքվին այդ մասին բացեիբաց ասվել է: Այսինքն, պաշտոնական Երևանը ընդունել է, որ օկուպացրել է ադրբեջանական տարածքներն ու պնդել, որ դրանք չի վերադարձնի, եթե Բաքուն ԼՂԻՄ-ի ինքնորոշման և դրա արդյունքում՝ անկախացման իրավունքը չճանաչի: Նկատեք, որ պարոն Սարգսյանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ ապաքաղաքական ու անորոշ եզրույթը, հավանաբար խորշելով օգտագործել ԼՂՀ հապավումը: Բանակցային այս տրամաբանությունն ընդունելի չէր էլ կարող լինել Բաքվի համար, քանի որ ստացվում էր, որ այս կերպ Հայաստանը Ադրբեջանից խլած տարածքի մի մասը վերադարձնելով փորձում է օրինականացնել մյուս մասի օտարումը: Բազմիցս ասել եմ այս բանակցային մարտավարության վնասակարության մասին նաև նախկինում, բայց դե մարդիկ այս տխմար բանակցային էստաֆետը միասնական ջանքերով հանգեցրեցին այսօրվա արդյունքին: 

-Երբ Դուք ԼՂ ԱԳ նախարար էիք, այնուհետև ԼՂՀ Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական՝ ի՞նչ փուլում էին ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունները, քննարկումներ կայի՞ն այն մասին, որ շրջաններ հանձնելու դիմաց ճանաչվի ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 

-Որպես Արցախի ԱԳ նախարար պաշտոնավարել եմ 2004 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 2005 թվականի տարեմուտը: Այդ ընթացքում հակամարտող կողմերի քաղաքական շփումներ չեն եղել և սեղանին դրված ամփոփ փաստաթուղթ ևս չի եղել: Քի Վեսթի բանակցային շրջափուլի ու հայր Ալիևի մահվանից հետո դադար էր: Համանախագահների հետ շփումներից որոշ նախանշաններ երևում էին, որ նոր նախաձեռնություններ են պատրաստվում, բայց դրանց ուրվագծերն անգամ դեռ հստակ չէին նշմարվում: Այսինքն, որևէ կոնկրետ ծրագիր չկար: Խորհրդականի պաշտոնը ստանձնելուց հետո բանակցային գործընթացի մանրամասների վերաբերյալ տեղեկացվածության աստիճանն էապես նվազեց: Մադրիդյան սկզբունքների որոշ, հատկապես տարածքային խնդիրներին վերաբերվող, մանրամասների իրազեկ դառնալուց անմիջապես հետո հրաժարական տվեցի ու փորձեցի ՀՀ նախագահի 2008 թվականի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու ընթացքում կարգավորման այլընտրանքային բանակցային մոտեցում դնել շրջանառության մեջ, բայց, ցավոք, անհրաժեշտ արդյունքին չհասա: 

-Ըստ Ձեզ՝ երբևէ փակուղում եղե՞լ է ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային գործընթացը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2020թ․ սկզբին արդեն իսկ և ՀՀ վարչապետի, և Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են արտահայտություններ, որ առարկայական բանակցություններ չեն ընթանում։ Եթե սա համարում եք բանակցային գործընթացի փակուղի, ապա ո՞ր չարված քայլերն էին հանգեցրել դրան։ 

-Փակուղային էր ի սկզբանե այն մոտեցումը, որի հիման վրա պաշտոնական Երևանը ընդունել է, որ պետք է դուրս բերի իր զինուժն Ադրբեջանի օկուպացված տարածքների մի մասից, մյուս մասի՝ ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ապահովելու դիմաց: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ էության, մնաց այդ նույն բանակցային տրամաբանության շրջանակներում, բայց նաև իր կողմից որոշ դեստրուկտիվ տարրեր հավելեց եղածի վրա: 

-Ըստ որոշ տվյալների՝ 200-ից ավելի հայ գերիներ կան Ադրբեջանում, սակայն Ադրբեջանի կողմից հաստատվել են 80-ի մոտ գերիներ, իսկ հայկական կողմում պահվող վերջին գերին վերադարձվել է Ադրբեջանին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչի՞ դիմաց կարող են նրանք վերադառնալ։ Կգնա՞ Ադրբեջանը շանտաժների։  

-Քանի որ մեր պատկան մարմինները չեն հրապարակում իրենց ձեռքի տակ եղած փաստացի տվյալներն անհայտ կորածների, զոհված ու գերեվարված զինծառայողների մասին, ապա այս հարցին որևէ հստակ պատասխան տալ չեմ կարող: Բոլոր թվային տվյալները համադրելուց հետո է, որ հնարավոր կլինի ինչ-որ մի նախնական պատկերացում կազմել այն մասին, թե Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների թիվն ինչպիսին կարող է լինել: 


Նարա Մարտիրոսյան