Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանի գործով մեղադրանքի կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարակի միջնորդությունը մերժվեց

Ռուբեն Վարդազարյանի գործով մեղադրանքի կողմից դատավորին  ներկայացրած  ինքնաբացարակի միջնորդությունը մերժվեց
Հայաստան
14:58, 14 май 2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի ժամանակ պաշտպանական կողմը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի  անձեռնմխելիությունը, իսկ մեղադրող դատախազը գտնում է, որ պաշտպաններն ընդհանրապես չէին կարող բողոքարկել մեղադրանք առաջադրելու որոշումը։

Մեղադրող դատախազ Աշոտ Ժամկոչյանը, ներկայացնելով առարկությունները, բարձրացրեց դատարանի անաչառության հարցը՝ նշելով, որ դեռևս չի ստացել դատարանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները մերժելու մասին որոշումը։ 

Ըստ մեղադրանքի կողմի, եղել է նախադեպ, որ մեղադրանքի որոշումը մինչդատական փուլում դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում, ըստ այդմ՝ բողոքարկման ենթակա չէ։ Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ հարցրեց, որ եթե մեղադրանքը վերաբերում է դատավորի լիազորությունների իրականացմանը, իսկ անձն օժտված է անձեռնմխելիությամբ և նշված ընթացակարգերը պահպանված չեն, ապա արդյոք այդ պարագայում դատական վերահսկողության ներքո չէ՞։

Արձագանքելով՝ դատախազն ասաց, որ այդ դեպքում դատարանը ստիպված կլինի ուսումնասիրել գործի նյութերը, մեղադրանքի հիմնավորվածությունը, ինչն արդեն կլինի դատավճիռ, մինչդեռ՝ այս փուլում դա չի կարող իրականացվել ։

Դրանից հետո դատավորը հարցրեց, թե առանց պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման հնարավո՞ր է նրան մեղադրանք առաջադրել, ինչին ի պատասխան դատախազն ասաց, որ, ըստ օրենքի՝ ոչ, պետք է հաղթահարել անձեռնմխելիությունը։

Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել։

Ընդմիջում հայտարարելուց հետո մեղադրող դատախազ Աշոտ Ժամկոչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է, որ դատավորի կողմից անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտություն է առաջանում, երբ արարքը վերագրվում է իր լիազորությունների կատարման կապակցությամբ, մյուս դեպքերում, երբ արարք է կատարված, ենթադրաբար՝ հանցավոր, այդ դեպքում լիազորությունների հետ կապված չի, անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտությունը բացակայում է։ Այսինքն՝ դա Սահմանադրական և օրենսդրական կարգավորումներն են։

«Սա որևէ ձևով կապված չէ լիազորությունների հետ, հատկանշանական է, որ երբ Ռուբեն Վարդազարյանը հանդես է եկել որպես դատավոր և քննել է պարոն Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը, ինքը նույնպես գտել է, որ հաշվի առնելով, որ կապված չի Դավիթ Հարությունյանի լիազորությունների հետ, ուստի անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը բացակայում է և հատկանշանական է հենց նաև այն հանգամանքը, որ Դավիթ Հարությունյանին ենթադրաբար վերագրվում էր, ըստ որոշման, նույն արարքը, ինչ-որ վերագրվում է պարոն Վարդազարյանին, այսինքն՝ արդարադատությանը միջամտելը»,-ասաց Աշոտ ժամկոչյանը։