Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե բանակցային պրոցեսը արդյունք չտվեց՝ ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի․ Արմեն Խաչատրյան

Եթե բանակցային պրոցեսը արդյունք չտվեց՝ ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի․ Արմեն Խաչատրյան
Հայաստան
16:13, 14 май 2021
«Բանակցային պրոցեսը շարունակվում է եւ հուսով ենք, որ գործընթացը կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

Խաչատրյանը նշեց, որ բանակցություններին մասնակցում են ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ, ռուսական եւ ադրբեջանական կողմից ներկայացուցիչներ։

Հարցին՝ հնարավո՞ր է փոխզիջում լինի եւ ադրբեջանցիները հայկական մեկ այլ տարածքում դիրքավորվեն, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե ոչ»։

Նա նշեց, որ բանակցությունները միայն Սեւ լճի վերաբերյալ չեն, իսկ Ադրբեջանի ներկայացրած քարտեզը կիրառելի չէ. «Ընդհանուր այն վայրերում, որտեղ ադրբեջանցիները մուտք են գործել Հայաստանի Հանրապետության պետական տարածք, ամբողջ բանակցությունները վերաբերվում են այդ գործընթացին»։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է Սեւ լիճը չեզոք գոտի դառնա, պատասխանեց. «Չեզոք գոտին ընդհանրապես շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջեւ հրադադարը պահպանելու համար, բայց այն չպետք է լինի ՀՀ տարածքի հաշվին, եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականցվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։

Խաչատրյանը նշեց, որ եթե բանակցային պրոցեսը արդյունք չտվեց՝ մեր պատկան մարմինները ստիպված կլինեն այլ միջոցառումներ իրականացնել։ «Նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում, արդեն հարկադիր, ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի», - ասաց նա եւ նշեց, որ այս պահին դեռ բանակցային խնդիր է եւ որից հետո հնարավոր է, որ կբավարարեն մեր պահանջը»։