Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ բանակցությունները վերջնական արդյունք չեն ունեցել, կշարունակվեն վաղը ժամը 14-ին

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ բանակցությունները վերջնական արդյունք չեն ունեցել, կշարունակվեն վաղը ժամը 14-ին
Հայաստան
23:38, 15 май 2021
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։ Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են»,-նշված է ՊՆ հայտարարության մեջ։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: