Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ պետդումայի նախագահը հանձնարարել է նախապատրաստել համապատասխան փաստաթուղթ՝ աշխատելով ՀՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ Ադրբեջանի խորհրդարանների հետ

ՌԴ պետդումայի նախագահը հանձնարարել է նախապատրաստել համապատասխան փաստաթուղթ՝ աշխատելով ՀՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ Ադրբեջանի խորհրդարանների հետ
Հայաստան
17:34, 17 май 2021
Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ պարոն Վ. Վոլոդինի և Դումայի ղեկավար այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում ամենամեծ հրատապություն ունեցող բազմաթիվ հարցեր։

Մասնավորապես, Միքայել Մելքումյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզում և այլ սահմանամերձ տարածքներում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի և տեխնիկայի ապօրինի ներխուժման հարցը և ռազմավարական գործընկերոջ առջև խնդիր բաձրացրեց հրատապ կերպով միջամտել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Մ. Մելքումյանը նշել է՝ «Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն»։

Միքայել Մելքումյանը նշել է նաև, որ ըստ ստացված տեղեկությունների`19 հայ ռազմագերիներ խոշտանգվել և սպանվել են Ադրբեջանում։

Բարձրացվել է նաև ռազմագերիների անհապաղ ազատման հարցը՝ «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։

ՌԴ Պետական Դումայի նախագահ Պարոն Վ. Վոլոդինը հանձնարարել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովին, որպեսզի ՀԱՊԿ առաջիկա խորհրդաժողովին նախապատրաստի համապատասխան փաստաթուղթ։ Պարոն Լ. Կալաշնիկովին հանձնարարվել է այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի Հանրապետության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պառլամենտների, ինչպես նաև նաև՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ։

Պարոն Վ. Վոլոդինի կողմից բարձրացվել է նաև ռուսական դպրոցների և ռուսերեն լեզվի հարցը։ Մ.Մելքումյանը հատուկ ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այն խոստումը, որ տվել էր դեռևս տարիներ առաջ, կատարել է.

Աբովյանում կառուցվում է բնակելի թաղամաս, դրված են նաև ռուսական դպրոցի շենքի հիմքերը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով կասեցված է այս ամենի շինարարությունը, որը որևէ լուրջ բացատրություն չունի։ Այդ մասին բավականին լուրջ խոսակցություն է ընթացել ամենաբարձր մակարդակով։ Ռուսական կողմը լրջորեն կարևորում է ռուսական դպրոցների ընդլայնման հարցը Հայաստանում։

Այնուհետև Միքայել Մելքումյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետական Դումայի իր գործընկեր՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովի հետ։ Քննարկվել են հայ ռազմագերիների հարցը, Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերը և ստեղծված իրավիճակը։ Պարոն Լ. Կալաշնիկովը խոստացել է ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը»։