Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լավրովի առաջարկում վտանգ կա, քանի որ այդ պարագայում Ռուսաստանն է դառնալու որոշողը՝ որ տարածքը ում պետք է պատկանի․ քաղաքագետ

«Լավրովի առաջարկում վտանգ կա, քանի որ այդ պարագայում Ռուսաստանն է դառնալու որոշողը՝ որ տարածքը ում պետք է պատկանի․ քաղաքագետ
Հայաստան
17:17, 18 май 2021
Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակից՝ այն համարել էր հանգիստ կարգավորվող հարց և նշել, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել երկու երկրներին սահմանազատման ու սահմանագծման հարցում՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ։ Լավրովը մեջբերել էր նաև Ադրբեջանի պաշտոնական պատճառաբանությունը, ըստ որի՝ խնդիրը թյուրիմացությամբ է առաջացել՝ սահմանի բացակայության պատճառով։ 

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը տեսակետ հայտնեց, որ Լավրովը քարտեզային նյութեր ասելով նկատի ունի ադրբեջանական ՀԽՍՀ սահմաններն ըստ Սովետական Միության ներքին վարչական բաժանման։ Քաղաքագետի խոսքով՝ Լավրովի առաջարկում վտանգ կա, քանի որ այդ պարագայում Ռուսաստանն է դառնալու որոշողը, թե որ տարածքը ում պետք է պատկանի․

«Ռուսատանն է որոշելու թե ինչպես է անցնելու սահմանը և սա հայտ է, որ այդ սահմանը պաշտպանելն էլ պետք է իրենց մասնակցությամբ լինի։ Դա իրենց զինվորական ներկայությունն ամրապնդելու հայտ է»,-հավելեց նա։ 

Երեկ ԱԽ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսելով սահմանազատումից ու սահմանագծումից՝ նշեց, որ ինչպես կոմունիկացիաների բացումը, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով և դա որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան էլ անհրաժեշտ է Հայաստանին։ Փաշինյանը հավելեց նաև, որ սահմանների ճշգրտման գործընթացը եռակողմ ֆորմատով իրականացնելու համար արդեն մի քանի անգամ ձեռք է բերվել պայմանավորվածություններ։ 

Արմեն Հովհաննիսյանն անդրադառնալով Փաշինյանի խոսքին՝ մեկնաբանեց, որ վարչապետի պաշտոնակատարը «եռակողմ ֆորմատ» ասելով նկատի ունի Ռուսատանի ներգրավվածությանը, այսինքն մենք համաձայն ենք, որ Ռուսաստանը մասնակցի սահմանագծման գործընթացին։

Քաղաքագետը հիշատակեց, որ ՀԽՍՀ ժամանակաշրջանում սահմանների վարչական բաժանումներն անընդհատ փոփոխության են ենթարկվել և հիմնականում հայկական կողմն է տուժողը եղել։ 
 
Հարցին՝ ՀԽՍՀ քարտեզային նյութերով եթե սահմանազատում ու սահմանագծում լինի, մենք տարածքնե՞ր ենք զիջելու Ադրբեջանին՝  Արմեն Հովհաննիսյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը ՀԽՍՀ տարբեր ժամանակներում մշտապես փոփոխությունների է ենթարկվել և տարբեր տարեթվերի քարտեզներ կան, որոնք մեկը մյուսին հակասում են, այնուհետև տեակետ հայտնեց, որ մի մարզում հնարավոր է մենք առաջ գնանք, մյուս մարզում Ադրբեջանն առաջ գա․ «Օրինակ 1979թ․ քարտեզը տարբերվում է 1983թ․քարտեզից։ Հայ-ադրբեջանական սահմանը սովետական միության տարիներին մշատապես փոփոխվել է»։ 

Քաղաքագետը կարծում է, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են նախկին ՀԽՍՀ տարածք և իրենց նպատակը ոչ թե արդարության վերականգնումն է, այլ Հայաստանի վրա ճնշում գործադրելն է՝ վախի մթնոլորտում պահելը, և չնչին հատվածներ կտրտելով՝ տարածքներ վերցնելը․ «Սա Ալիևի ագրեսիվ քաղաքականության դրսևորումն է։ Ռուսաստանն էլ ասում է, եթե դուք չեք ուզում Ադրբեջանը ձեր հանդեպ ագրեսիվ վերաբերմունք դրսևորի և լիովին վստահում եք մեզ՝ մենք կաշխատենք, որ ձեզ շատ չնեղացնեն, իսկ սա պաշտպանություն չի, սա հղի է այլ անարդարություններով հենց մոտ ապագայում»։ 

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈՒ մի քանի խմբեր հատելով Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առաջացել են նշված մարզերի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝  ադրբեջանական զորքին ՀՀ տարածքից դուրս բերելու գործընթաց սկսելու համար, ինչպես նաև ռազմական օգնություն է խնդրել Ռուսատանից`Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ․ «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրի հիմքով։ 

Նարա Մարտիրոսյան