Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակնկալում ենք, որ էլ ավելի կմեծանա ՀԱՊԿ-ի ճնշումը Ադրբեջանի հանդեպ»․ Վիկտոր Ենգիբարյան

«Ակնկալում ենք, որ էլ ավելի կմեծանա ՀԱՊԿ-ի ճնշումը Ադրբեջանի հանդեպ»․ Վիկտոր Ենգիբարյան
Հայաստան
18:08, 18 май 2021
Միջազգային հանրությունն ադեկվատ է գնահատում մեր պահանջն ու իրավիճակը, և բոլոր կողմերից տեսնում ենք գնահատականներ առ այն, որ ադրբեջանական գործողությունները անպատասխանատվության դրսևորում և սադրանք  են՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և, որ նրանք պետք է անհապաղ լքեն այն դիքերը, որոնք այժմ զբաղեցնում են։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Իմ քայլը» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ ակնկալել ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից  խնդրի լուծման համար՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում դժգոհություններ կան նրանց կողմից անգործություն ցուցաբերելու հետ կապված, նա նշեց․ «Հայաստանում՝ պաշտոնական մակարդակով, որևէ դժգոհություն չի եղել՝ ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Ռուսաստանից։ Ես չեմ կարծում, որ բոլոր գործընթացները, բոլոր շփումներն ու հաղորդակցությունները, որոնք տեղի են ունենում, այնքան հանրամատչելի են, որ միանգամից կարելի է դրանց մասին փորձագիտական եզրակացություններ անել»։

Պատգամավորը մեծապես կարևորեց վաղը կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը, և նշեց, որ ակնկալվում է՝ Ադրբեջանի նկատմամաբ ճնշման մեծացում, սակայն, հավելեց  նաև, որ հարցին կարելի է նայել ավելի լայն կոնտեքստում․

«Այստեղ հարցը մի քանի հարյուր մետրի և որոշ զինվորների տեղակայումը չէ։ Խոսքը շատ ավելի լայն, աշխարհաքաղաքական  գործըթնացների մասին է, որոնք գլոբալ փոփոխությունների արդյունքում են տեղի ունենում, և, այս մեծ փոփոխությունների կոնկտեքստում, մեզ համար, բնականաբար, կարևոր է կայուն անվտանգային միջավայրի ստեղծումը, որի համար էլ ՀԱՊԿ առաջիկա հանդիպումը չափազանց կարևոր է»։

Հարցին, թե այլ երկրներից մենք ակնկալում ե՞նք ռազմական օգնություն, նա նշեց, որ ռազմական լուծման կողմնակից չէ Հայաստանը, որպեսզի ակնկալենք ռազմական օգնություն․ «Մենք հարցին նայում ենք դիվանագիտական ճանապարհով լուծման կոնտեքստում, և հույս ունենք, որ հանգուցալուծումն էլ կլինի այդ ձևով, բայց պետք է ասեմ, որ, եթե դիվանագիտական աշխատանքները չտան արդյունք, բնականաբար, մենք պատաստ ենք բոլոր այլ միջոցների և գործիքների կիրառմանը։ Իհարկե, մենք ողջունում ենք մեզ արված բոլոր առաջարկները, բայց մենք նաև ունենք մեր ռազմական ոլորտի համագործակցության շրջանակները»։

Նրա խոսքով՝ ցանկացած սպառնալիք՝ ՀԱՊԿ անդամ որևէ պետության նկատմամբ, սպառնալիք է՝ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համար և այս իմաստով մեր սպասելիքները շատ հստակ են․ «Այս բանաձևի շրջանակներում արդեն պարզ է, թե որոնք են մեր ակնկալիքները։ Աա քաղաքական գործընթաց է և ՀԱՊԿ-ի միջամտությունը ևս քաղաքական և դիվանագիտական գործընթաց է»։

Հարցին, թե ճի՞շտ էր, արդյոք, դիմել ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ կետով, այլ ոչ 4-րդ, Ենգիբարյանը նշեց․ «Այո, արդյունավետ էր 2-րդ կետով դիմելը։ Եթե կարիք լինի դիմել 4-րդ կետով, այստեղ էլ խնդիր չեմ տեսնում»։