Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը 249-ից ավելի ենթադրյալ գերիների մասին դիմում է ներկայացրել ՄԻԵԴ․ մայիսի 21-ին գերիների հարցը հնարավոր է ներառվի ԵԽ նախարարների կոմիտեում

Հայաստանը 249-ից ավելի ենթադրյալ գերիների մասին դիմում է ներկայացրել ՄԻԵԴ․ մայիսի 21-ին գերիների հարցը հնարավոր է ներառվի ԵԽ նախարարների կոմիտեում
Հայաստան
16:52, 19 май 2021
«Մարտի 10-ի դրությամբ Հայաստանը Ադրբեջանի կողմից 249 գերեվարված անձի վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։ Ենթադրյալ գերեվարված անձանց վերաբերյալ դիմումների ներկայացման գործընթացը ներկայումս էլ շարունակվում է»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի իրավաբան Իգոր Միրզախանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ Հայաստանը քանի՞ անձի է նույնականացրել, որոնք գերեվարված են Ադրբեջանում, և քանի՞ դիմում է ուղարկել ՄԻԵԴ։

Իգոր Միրզախանյանի խոսքով՝ չնայած Հայաստանի կողմից ուղարկված դիմումների քանակին՝ Ադրբեջանը մարտի 10-ի դրությամբ հաստատել է ընդամենը 72 անձի գերեվարված լինելու փաստը․ «Մեր ներկայացրած դիմումների հիմքում դրվել են բավարար չափով ապացույցներ, որ այդ մարդիկ գերեվարված են Ադրբեջանում։ ՄԻԵԴ-ն այդ ապացույցները բավարար գնահատելով որոշում է կայացրել, որ պաշտպանի այդ անձանց կյանքի իրավունքն ու խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն Ադրբեջանը չի համագործակցում Դատարանի հետ և չի կատարում նրա որոշումները։ Եվ այդ պատճառով ՄԻԵԴ-ը մարտի 9-ին կայացրել է նախադեպային որոշում՝ հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ծանուցելու մասին»։

Հարցին՝ ԵԽ նախարարների կոմիտեում հայ գերիների հարցի քննարկումն ի՞նչ պարտավորությունների առաջ կկանգնեցնի Ադրբեջանին՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հարցը ՄԻԵԴ-ի իրավասությունից տեղափոխվում է նաև Նախարարների Կոմիտեի իրավասության ոլորտ։ Իսկ այդ Կոմիտեն բոլոր անդամ պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ հարցը քննարկում է»։ 

Իգոր Միրզախանյանն այս համատեքստում ընդգծեց, որ երկու օրից՝ մայիսի 21-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի տարեկան նստաշրջանն է լինելու, և չի բացառվում, որ քննարկման առարկա դառնա նաև հայ գերիների հարցը։ 

44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ գերեվարված սիրիացի երկու վարձկանները, որոնք գումարի դիմաց գնացել էին Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար՝ օրերս Հայաստանում ցմահ դատապարտվեցին։ Այս լուրը տարածվելուց հետո, ադրբեջանական մամուլը հրապարակեց, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է և դատաքննություննը տեղի կունենա մայիսի 25-ին։ Նշենք, որ Ադրբեջանը լիբանանահային ներկայացնում է իբրև վարձկան՝ 2500 դոլար վարձատրության դիմաց Ադրբեջանի բանակի և քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ կատարելու և պատերազմին մասնակցելու մեջ։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի իրավաբանից հետարքրվեցինք՝ այս պարագայում Հայաստանն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել։

Իգոր Միրզախանյանն անդրադառնալով մեր հարցին՝ նախ նշեց, որ երբ հայտնի է դարձել, որ լիբանանահայը հայտնվել է Ադրբեջանում՝ Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցչի գրասենյակը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ հստակ ներկայացնելով, որ այդ անձը քաղաքացիական անձ է, և ապօրինաբար գերեվարվել է Ադրբեջանի կողմից և ներկայումս առանց որևիցե իրավական հիմքի պահվում է Ադրբեջանում․

«ՄԻԵԴ-ը բավարարեց մեր դիմումը և պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել այդ անձի կյանքի իրավունքը և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։ Ինչ վերաբերում է իր նկատմամբ սկսված դատավարությանը՝ այդ խնդիրը բարձրաձայնված է գանգատում, որտեղ ներառված են հնարավոր արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ փաստեր»։  

Մեր զրուցակիցը խոսելով Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների մասին՝ հիշատակեց, որ այդ անձանց գերեվարման ժամանակ խոշտանգելու կամ վատ վերաբերմունքի արժանացնելու մասին փաստերը ևս ներկյաացվել են ՄԻԵԴ։ 

Նարա Մարտիրոսյան