Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում Ադրբեջանի կիրառած ֆոսֆորային, կասետային զենքերի և այլ զինատեսակների դեմ բողոքները կքննի ՄԻԵԴ մեծ պալատը․ ի՞նչ պատժամիջոցներ են սպառնում Ադրբեջանին

Արցախում Ադրբեջանի կիրառած ֆոսֆորային, կասետային զենքերի և այլ զինատեսակների դեմ բողոքները կքննի ՄԻԵԴ մեծ պալատը․ ի՞նչ պատժամիջոցներ են սպառնում Ադրբեջանին
Հայաստան
18:21, 19 май 2021
Ադրբեջանի կողմից հայերի դեմ կիրառված արգելված զինատեսակների մասով բավարար ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործը դեռևս ընթանում է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի իրավաբան Իգոր Միրզախանյանն էլ ընդգծեց, որ արգելված զինատեսակների վերաբերյալ՝ այդ թվում կասետային ռումբերի, ֆոսֆոր պարունակող զենքերի կիրառման հետևանքով զինծառայողների ու քաղաքացիական անձանց տուժած լինելու փաստերը ներառված են միջպետական գանգատում․ «ՄԻԵԴ ներկայացվել են անհերքելի ապացույցներ՝ այդ զինատեսակների կիրառման վերաբերյալ։ Թե քանի հոգի է տուժել այդ զինատեսակների կիառումից՝ հաշվարկները չեն ավարտվել, դատարանում գործընթացը նոր է սկսվել, և տուժողներին վերաբերող հարցերը դեռևս հրապարակային չեն»։ 

Իգոր Միրզախանյանը պարզաբանեց, որ բուն զինատեսակի կիրառումը ՄԻԵԴ-ի հարց չէ այնքան ժամանակ քանի դեռ չի առաջացրել մարդու իրավունքների խախտում, այսինքն եթե զինատեսակի հետևանքով խախտվել է մարդու իրավունքը՝ այդ դեպքում ՄԻԵԴ-ը քննում է հարցը․ «Այս պարագայում փաստերը ներկայացվել են հենց այդ ծավալով, որ Ադրբեջանի կողմից նշված զինատեսակների կիրառումը հանգեցրել են զինծառայողների և քաղաքացիական բնակչության խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտմանը»։ 

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ ՄԻԵԴ-ի դատավճռով անձի իրավունքի խախտումը  հաստատված համարվելու դեպքում՝ փոխհատուցման միջոցներ կսահմանվեն, որը հիմանականում լինում է գումարի տեսքով՝ դրամական փոխհատուցում։ Բացի դրանից խախտում իրականացրած պետությանը տրվելու են ուղեցույցներ՝ հետագայում նման խախտումներ չթույլատրելու համար․ «Դատարանի վճիռը լինելուց հետո, այն գնում է Նախարարների կոմիտե՝ կատարման համար և այնտեղ պատասխանող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ապագայում նման խախտումներ թույլ չտալու համար»։
 
Հարցին՝ ի՞նչ փուլում է գանգատը՝ մեր զրուցակիցը նշեց, որ միջպետական գանգատի գործընթացն սկսվել էր դեռևս սեպտերմբերի 27-ին, և սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի գանգատը․ «Գանգատն ամբողջությամբ փետրվարի 1-ին է ներկայացվել ՄԻԵԴ։

ՄԻԵԴ-ը գանգատի քննությունը վերապահել է Մեծ պալատին, դեռևս սպասում ենք զարգացումներին։ Մինչ այսօր էլ ՄԻԵԴ ենք ներկայացնում նոր եկած հանգամանքներն ու դեպքերի զարգացումները, պարբերաբար նոր տեղեկատվություն ենք հայտնում Դատարանին»,-հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանը Հայաստանի դեմ կիրառեց արգելված զինատեսակներ՝ այդ թվում կասետային ռումբեր ու ֆոսֆոր պարունակող զենքեր։ Amnesty International մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպության փորձագետների ուսումնասիրության արդյունքում հաստատվել էր, որ Ադրբեջանն իսրայելական արտադրության արգելված կասետային ռումբեր է կիրառել Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ: Փորձագետները շեշտել էին, որ կասետային ռումբերի օգտագործումն արգելված է Միջազգային մարդասիրական օրենսդրությամբ և դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա բավական վտանգավոր և անթույլատրելի է: Նշենք նաև, որ ՀՀ ՄԻՊ-ը ևս արձագանքել էր Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակներ օգտագործելու փաստին․ «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ»,-ահազանգել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու հրապարկել փաստը հավաստող տեսանյութ:

Նարա Մարտիրոսյան