Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսանյութում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել. Իոաննիսյան

Տեսանյութում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել. Իոաննիսյան
Հայաստան
00:41, 20 май 2021
Միջադեպն իրապես եղել է, բայց դրա՝ վիդեոյում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նախ ասեմ, որ միջադեպը, որի մի մասը տեսել եք տարածվող տեսանյութում, առաջին անգամ իմացա դեռ երկուշաբթի՝ վարդենիսցիներից: Այնուհետև նույն պատմությունը լսեցի Վերին Շորժայում ծառայություն իրականացնող տարբեր զինվորներից ու սպաներից: Այդ, տեղեկության իսկության վրա կասկածելու հիմք չունեմ:

Ինչպես գիտեք, երկու կողմից էլ զորքերին արգելվել է առաջինը կրակել: Ադրբեջանական բանակը փորձում է առանց կրակոցի առաջ գալ, մեր բանակը փորձում է առանց կրակոցի դա կասեցնել:

Այդ տարօրինակ պրոցեսի ընթացքում բարձրադիր հատվածներից մեկում ադրբեջանական մի մեծ խումբ «վրա է տվել» մեր զինվորներին, քանակով ու ուժով խլել զենքերը և ստիպել, որ հեռանան (ինչպես երևում է տեսանյութում):

Ի պատասխան դրա, մեր զորքերը, նույն կերպ, առանց կրակոցի, վրա են տվել ադրբեջանական մի ուրիշ, բայց ավելի մեծ խմբի, խլել զենքերը ու ոչ պակաս ծեծի ենթարկել դիմադրողներին:

Դրանից հետո, հետագա էսկալացիան կանխելու նպատակով, տեղային մակարդակում բանակցություն է եղել, որի ժամանակ փոխանակվել են իրարից խլված զենքերը:

Միջադեպից հետո Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի ոգին բավականին ընկել է, քանի որ իրենց արածի արժանի պատասխանը ստացան:

Ես սա չէի գրի, եթե ինձ հետ չկապնվեին դիրքերից ու վրդովված չասեին «մենք մեր պատիվը պահել ենք, դրանք պատասխանը ստացել են, ինչի՞ են մեր մասին սենց բաներ տարածում»:

Հ.Գ. Երեկ ես իմ աչքով էի տեսնում, թե ինչպես են մեր դիրքերին մոտիկ գտնվող ադրբեջանական զինվորները խուսափում նույնիսկ մեր կողմ նայելուց: Երբ մեր զինվորական մեքենան էր անցնում իրենցից ոչ հեռու, ադրբեջանական զինվորները գնում, մի բլրակի հետևն էին մտնում՝ կարծես վախենային ծեծ ուտելուց: