Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքում ադրբեջանցիները անկանոն կրակ են բացել, նախազգուշացնող կրակից հետո՝ ներողություն խնդրել․ ՊՆ

Գեղարքունիքում ադրբեջանցիները անկանոն  կրակ են բացել, նախազգուշացնող կրակից հետո՝ ներողություն խնդրել․ ՊՆ
Հայաստան
17:21, 20 май 2021
Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել։

ՀՀ Պաշտպանության նախարարությունից Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ կրակոցներ եղել են։ 

«Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15։00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել», - հայտարարեց ՊՆ-ն։

«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին», - նշված է հայտարարության մեջ։

Տեղեկություն ստանալու նպատակով փորձեցինք կապվել Կութի համայնքապետարանի հետ, սակայն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, իսկ Գեղարքունիքի մարզպետարանից ասացին, որ տեղյակ չեն կրակոցներից։