Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը միջանցք չի քննարկել և քանի դեռ մենք ենք իշխանության, երբեք չի քննարկելու»․ Գևորգ Պապոյան

«Հայաստանը միջանցք չի քննարկել և քանի դեռ մենք ենք իշխանության, երբեք չի քննարկելու»․ Գևորգ Պապոյան
Հայաստան
17:56, 21 май 2021
Ապաշրջափակում նշանակում է, որ Հայաստանը կարող է օգտվել Ադրբեջանի բոլոր ճանապարհներից, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի ճանապարհներից։ Օրինակ, մենք կարող ենք՝ երկաթուղու միջոցով, Նախիջևանով կապվել Իրանի հետ, Նախիջևանով, այնուհետև Ադրբեջանի բուն տարածքով կապվել ՌԴ-ի հետ։ Ավտոմոբիլային ճանապարհներով կկարողանանք Ադրբեջանի տարածքով ու Դաղստանի հատվածով մտնել Ռուսաստան։ Եվ իրենք էլ,բնականաբար, կկարողանան Տավուշից մտնել Գյումրիով գնալ այլ պետություն։ Այսինքն՝ այնպես, ինչպես մենք հարաբերվում ենք, օրինակ, Վրաստանի, կամ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները՝ իրենց հարևանների հետ։

Այսինքն՝ հավասարը հավասարի հետ։ Այլ տարբերակ մենք չենք քննարկում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով, եթե այդ հավասարը հավասարի տրամաբանությունից դուրս որևէ բան կատարվի, ապաշրջափակում տեղի չի ունենա։ Նա նաև նշեց, որ միջանցքի մասին խոսակցությունները սին են․ «Հայաստանը միջանցք չի քննարկել, չի քննարկում, և, քանի դեռ մենք ենք իշխանության, երբեք չի  քննարկելու․ դա մենք կարող ենք երաշխավորել»։

Հարցին, թե ինչո՞ւ չի քննարկվում Աբխազական երկաթուղին վերաբացելու հարցը, որը ՌԴ-ի հետ ավեի կարճ ճանապարհ կարող է ապահովել, Պապոյանն ասաց․ «Շատ լավ բան եք ասում, բայց դա մեզնից դուրս հարց է։ Աբխազական երկաթուղու հարցը պետք է քննարկեն աբխազները՝ վրացիների հետ, վրացիները՝ աբխազների հետ և ռուսների հետ։ Մենք կարող ենք մեր բեռները տանել հասցնել մինչև վրաց-աբխազական սահման, բա հետո՞։ Այսինքն՝ դա մեզնից դուրս հարց է։ Խնդիրը պետք է լուծված լինի Վրաստանի, Ռուսատանի և Աբխազիայի միջև»։