Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էժան չէ ուժեղագույն մասնագետների Հայաստան բերելը, բայց Հայաստանը պիտի կամաց-կամաց այդ իմիջը ձևավորի․ Մխիթար Հայրապետյան

«Եթե կհիշեք, ԱԺ-ում աշխատելու տարիներին ես մշտապես եղել եմ գիտության ֆինանսավորման քարոզիչներից մեկը, ընդ որում, առանձին դեպքերում մենք նաև հաջողել ենք՝ 19, 20, 21 թվականների արդյունքում անհամեմատ մեծացել է բյուջեն, որը ուղղակի և անուղղակի կերպով թե՛ գիտաշխատողների աշխատավարձերի և թե՛ միջավայրի ստեղծման, այսինքն՝ համապատասխան ենթակառուցվածքների, լաբորատոր սարքավորումների միջավայրի ապահովման տեսանկյունից ևս մեծ հնարավորություն էր տալիս»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Վերջինս համարում է, որ իհարկե ստեղծված իրավիճակում, երբ մեր պետությունը պետք է բացառապես իր հույսը դնի հայ ժողովրդի մտքի վրա, անհամեմատ ավելի մեծ գումարներ պետք է դրվեն գիտության զարգացման մեջ, ընդ որում՝ երբեմն չակնկալելով, որ ամբողջ ներդրված գումարը պետք է արդարացվի, որովհետև դու կարող ես 9 դեպքում գիտության այս կամ այն տեխնոլոգիական ուղղություններով մեծ ներդրումներ իրականացնել, բայց չհաջողել, և 10-րդը հարյուր անգամ ավելի մեծ արժեք կստեղծի։  

«Այդպիսին է ժամանակակից գիտությունը։ Ժամանակակից գիտության մեջ պարզապես պետք է այդ ներդրումը կատարվի, պետությունը պետք է ապավինի գիտական մտքին և գնա այդ համարձակ քայլին, որովհետև ես համարում եմ, որ այլ տարբերակ էլ չկա։ Այս առումով է, որ մենք հիմնադրամով մտադիր ենք ապագայում մեծ ռեսուրսներ ներգրավել հատկապես գիտության ոլորտում՝ գուցեև առանձին գերազանցության կենտրոններ ստեղծելով, որտեղ բնական է, որ երիտասարդ գիտաշխատողները պետք է ներգրավվեն՝ Սփյուռքի և Հայաստանի ուժեղագույն գիտնականների գլխավորությամբ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

  Ի հավելումն նա նշեց, որ էժան չէ ուժեղագույն մասնագետների Հայաստան բերելը, բայց Հայաստանը պիտի կամաց-կամաց նաև այդ իմիջը ձևավորի՝ ՍԹԵՄ ուղղությունների, ինչ-որ առումով տարածաշրջանային ՀԱԲ  դառնալու իմաստով։

«Գուցե առաջին հայացքից շատ ամբիցիոզ է հնչում, բայց ես հավատացնում եմ ձեզ՝ նկատի ունենալով ամբողջ համահայկական  ներուժը, մենք բոլոր նախադրյալներն ունենք այն կերտելու»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան