Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանր վիրավոր զինվորի մորը գումար է փոխանցել, հետո հետ է վերցրել․ զինվորների գումարը յուրացրած «բարերար» Արաքսյա Հովհաննիսյանի հերթական զոհը

Ծանր վիրավոր զինվորի մորը գումար է փոխանցել, հետո հետ է վերցրել․ զինվորների գումարը յուրացրած «բարերար» Արաքսյա Հովհաննիսյանի հերթական զոհը
Հայաստան
17:06, 23 май 2021
44-օրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Միշա Ավետիսյանի մայրը   վիրավոր զինվորների գումարը յուրացրած «բարերար» Արաքսյա Հովհաննիսյանի հերթական զոհն է։ Այս տարվա մարտին երևանաբնակ 34-ամյա Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրված օգնություն-գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։ Նա կալանավորված է։

Civic.am-ը զրուցել է Արաքսյա Հովհաննիսյանի գործողություններից տուժած Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Սանդուխտ Ավետիսյանի հետ, որը փետրվարի 5-ին ոստիկանություն էր ահազանգել և հայտնել, որ իր որդին պատերազմի օրերին վիրավորում է ստացել և գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ էլ նախկին ամուսնու բարեկամներն անօրինական նկարում են երեխային, կայքերում տարածում՝ դրա դիմաց վաստակելով գումար: 

Civic.am-ին տիկին Սադուխտը ներկայացրեց իր հետ պատահածի մանրամասները, նշելով, որ Արաքսյա Հովհաննիսյանը, ով նաև Օքսի անվամբ է հանդես եկել, ու առաջարկել է դրամահավաք կազմակերպելու միջոցով օգնություն տրամադրել իր որդուն՝ Միշա Ավետիսյանին։ Միշան պատերազմում ծանր վիրավորում էր ստացել և գտնվում էր հիվանդանոցում: Զինվորի մայրը համաձայնվել է առաջարկին, որից հետո` որոշ ժամանակ անց, տեղեկացել, որ Արաքսյան գումարը փոխանցել է Միշայի հորը՝ իր  նախկին ամուսնուն: Նշենք, որ տիկին Սանդուխտը ամուսնալուծված է, միայնակ մայր է, և, նրա խոսքով, ամուսինը որդուն երբեք ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել ու միշտ անտարբեր է եղել:

Այսպիսով՝ գումարը հավաքվելուց հետո, տիկին Սանդուտի խոսքով, այն ուղարկվում է հիվանդանոց և փոխանցվում նրա նախկին ամուսնուն՝ Միշայի հորը: 

«Գումարը ուղարկել են հիվանդանոց, Միշայի հայրը էնտեղ է եղել, տվել են իրան: Հետո ես, որ ասեցի՝ հայրը երբեք տիրություն չի արել իրեն, Արաքսյան գումարը հորից վերցրեց, բերեց տվեց ինձ: Մի որոշ ժամանակ անցավ, նորից մուկն ու կատու ոնց որ խաղար ինձ հետ, եկավ, ասեց՝ այդ գումարներով դու տան ռեմոնտ ես անում, ոսկեղեն ես առնում, ու հետ ուզեց», - ասաց տիկին Սանդուխտը՝ հավելելով, որ վերադարձրել է որդու համար տրված գումարը:

Տիկին Սանդուխտի խոսքով՝ իրեն մոտավոր փոխանցվել է 100,000 դրամ, 7000 ռուբլի և 150 եվրո, սակայն ամուսնուց 100,000 դրամ քիչ է հետ ստացել. «Ասեցի՝ Արաքսյա, արի հաշվի, տես, որ ինձ էսքանն ա տվել, ասեց՝ ոչինչ, 100,000 դրամ ծախսել ա, իմացի` իր էրեխեքի համար ա ծախսել՝ երկրորդ կնոջից»:
«Որոշ ժամանակ անցավ, Աստղիկ հիվանդանոց գնացի, Մկրտիչը (Միշայի հայրը – հեղ.) ասեց՝ Միշայի սենյակում մարդ կա, մի՛ գնա: Ասեցի՝ դու պիտի ասե՞ս՝ իմ էրեխուն տեսնեմ, թե՞ չէ: Բարձրացա, տեսնեմ կիսուրս մի կնոջ հետ, կանգնած էր, էդ կինը տղայիս էր նկարում: Արաքսիային չէին թողնում արդեն էդ հիվանդանոց գալ, ինքը երևի մարդ էր ուղարկում, որ էրեխուն նկարեն, գցեն սոցցանց», - պատմեց տիկին Սանդուխտը, ով այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն՝ ահազանգելով, որ զինվորին նկարում են և համացանցում նկարները   տարածելով՝ գումար շորթում: 
Սանդուտի խոսքով գործն այժմ Քննչական կոմիտեում քննվում է:

Սանդուխտի որդին՝ Միշա Ավետիսյանը, պատերազմում կռվել և վիրավորումը ստացել է հոկտեմբերի 9-ին՝ Ջաբրայիլում: Այժմ գտնվում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», բուժումներ է ստանում: Գլխուղեղի վնասվածք է ստացել Միշան, և մինչև վերջերս չէր կարողանում խոսել,և կանգնել, սակայն այժմ արդեն կարողանում է:

«Աջ ձեռքն ա շարժում, ձախը չի կարողանում: Մինչ այդ չէր խոսում՝ կոկորդը ծակ էր, անգիտակից էր: Բայց արդեն սկսել ա կանգնել: Ինձ ասեց՝ աչքներդ լույս, արդեն կանգնում եմ: Պարզ խոսում ա արդեն: Բժիշկները ասում են պիտի համբերեք, տեսնենք՝ ինչ կլինի», - պատմեց զինվորի մայրը:

Նշենք, որ Արաքսյա Հովհաննիսյանը մեկ այլ խարդավանքի մեջ էլ է մեղադրվել: Նա, տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպել, կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող զինվորների:

Սակայն վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով յուրացրել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա
նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Սյուզի Սիրականյան