Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ-ն մեկ անգամ ևս հերքում է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ն մեկ անգամ ևս հերքում է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը
Հայաստան
18:25, 23 май 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Իրանում իբր հայ զինվորների գտնվելու մասին լուրերին՝ կրկին հերքելով այդ տեղեկությունները:

«Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ:


Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է.


«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:


Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: