Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք․ Նազելի Բաղդասարյան

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք․ Նազելի Բաղդասարյան
Հայաստան
12:30, 24 май 2021
ԱԺ պատգամավոր, հասարակական գործիչ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորումը: Գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: 

Եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակըցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում եւ խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: 

Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»: