Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սև լճի մոտ իրավիճակը նույնն է, երեկ առավոտյան 3 ձի է եկել դեպի հայկական կողմ

Սև լճի մոտ իրավիճակը նույնն է, երեկ առավոտյան 3 ձի է եկել դեպի հայկական կողմ
Հայաստան
15:21, 24 май 2021
«Սև լճի մոտ իրավիճակը նույնն է, ադրբեջանցիներն այն հատվածներում են, որտեղ ի սկզբանե առաջացել էին։ Մեր կողմից համալրում կա զորքի՝ գնում-գալիս են, խառը իրավիճակ է, բայց բնակիչների մոտ խուճապ չկա»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը։ 

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ նշեց, որ պատերազմից հետո առանց այդ էլ արոտների խնդիր էր առաջացել, իսկ հիմա, երբ ադրբեջանցիներն առաջացել են Սյունիքի մարզում՝ գյուղերի բնակիչները չգիտեն որտեղ կենդանիներին արածեցնեն․ «Սև լճի շրջակայքը հանդիսանում էր ամառային արոտավայր, հիմա բնակիչները մի ձև յոլա են տանում, մինչև տեսնեն վերջը ինչ է լինում»։

Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղից ադրբեջանցիները ձիեր են գողացել՝ երկու ձի և մեկ մտրուկ։ Խնածախի բնակիչներից մեկը Tert.am-ին ահազանգել էր՝ մեկնաբանելով, որ մի օր էլ ադրբեջանցիները երեխա կգողանան։  

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցից հետաքրքրվեցինք՝ արդյոք ձիերը վերադարձվել են, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ընդգծեց, որ երեկ առավոտյան երեք ձի է եկել դեպի հայկական կողմ, բայց դեռ չգիտեն թե ումն է։ 

Նշենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինծառայողները հատել են Հայաստանի պետական սահմանն ու առաջացել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Հայաստանը խնդիրը լուծելու համար մայիսի 14-ին դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը, սակայն դեռևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։ 

Նարա Մարտիրոսյան