Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն որոշում է ընդունել ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ

ԿԸՀ-ն որոշում է ընդունել ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ
Հայաստան
22:58, 24 май 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 24-ի արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների  քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:


«Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:

ԿԸՀ-ն կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին տալու վերաբերյալ: