Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա այն պարագան է, երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները, իրադրությոնը շտկելու և կարգավորելու համար․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մինչև կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելը, խոսելով այսօր առավոտյան ՀՀ սահմանից ադրբեջանցիների կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների մասին, տեղեկացրեց, այսօր  ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ՝ իրականցվել են ականապատման աշխատանքներ և այդ աշխատանքներն իրականացվել են զուգորդվող նշանների տեղադրմամբ և դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել  և զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ 

«Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով, իհարկե  հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները դեռ իհարկե պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում՝ ՀՀ տարածքից։ Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի Զու ստորաբաժանումներ և հարցը հենց այս համատեսքտում է։ Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար։ Եվ այս միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանանական ուժերի ներկայության հետ ինչը տեղի ունենալ չի կարող»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դեպքի առավել մանրամասները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում և վեց զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որն ըստ էության շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից։

«Եվ շատ կարևոր եմ համարում այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում, ընդ որում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը՝ բանակի և ԶՈՒ դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, Զինված ուժերը, բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու իրենց գործառույթը։ Նաև միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել՝ մասնավորապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և սա այն պարագայում, երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները՝ իրադրությոնը շտկելու և կարգավորելու համար և մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»,-ընգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ այստեղ շատ կարևոր է նաև, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների և համատեսքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր հանրությունն այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր Զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ,որպեսզի այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղթահարեն։

«Պետք է հակառակորդի երկու նպատակները արձանագրել և կառավարել այդ նպատակները, նպատակներից մեկն այն է, որ տարբերակ կա՝ իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց Զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան, երկրորդ սցենարի մասին, ես մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով։ Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք։

Առաջինը հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի Զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ-ի տարածքից և երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն։

Զինված ուժերը պիտի շարունակեն կատարել ՀՀ-ի սահմանների պահպանության և ամրության, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները։ Եվ ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում՝ ներվային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքներն այստեղ ամենևին տեղին չեն»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։