Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ են ընթանում գերեվարված ՀՀ վեց զինծառայողներին վերադարձնելու համար․Գեղամասարի համայնքապետ

Բանակցություններ են ընթանում գերեվարված ՀՀ վեց զինծառայողներին վերադարձնելու համար․Գեղամասարի համայնքապետ
Հայաստան
12:25, 27 май 2021
Այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց պայմանագրային զինծառայող։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Civic.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ հայ զինծառայողներին գերեվարելուց հետո Գեղարքունիքի սահմանային հատվածում շատ լարված իրավիճակ է․ «Այս պահին թեպետ կրակոցներն ինտեսնիվ չեն, բայց կա փոխհրաձգություն։ Հիմա միջոցներ են ձեռնարկվում, որ գերեվարված տղաներին հետ բերեն»։

Հակոբ Ավետյանի խոսքով գերեվարվածներին հետ բերելու համար բանակցություններ են ընթանում։ Գեղամասար համայնքի ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանի ԶՈւ պայմանագրային զինծառայողները գերեվարվել են Գեղամասար համայնքի Կութ գյուղի հատվածում, հենց Հայաստանի տարածքում, որտեղ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները հատել են Հայաստանի պետական սահմանն ու առաջացել․ «Պայմանագրային զինծառայողները տարբեր մարզերից էին։ Կութ գյուղի այդ հատվածում հայկական կողմից վեց հոգուց բացի այլ զինծառայողներ չեն եղել տվյալ պահին, ադրբեջանի զինծառայողներն էլ շատ-շատ են»։ 

Գեղամասարի համայնքապետը չուներ տեղեկություն այն մասին՝ արդյոք վեց գերեվարվածները Հայաստանի տարածքում են պահվում, թե արդեն նրանց տեղափոխել են Ադրբեջան։

Ինչ վերաբերում է Գեղամասարի բնակիչների մոտ հնարավոր խուճապին՝ Հակոբ Ավետյանը հավելեց, որ մայիսի 12-ից մինչև հիմա բնակիչներն անհանգիստ ու լարված են, բայց ամուր կամք ունեն դիմադրելու և խուճապ չի առաջանում, որ փախնեն։ 

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարման փաստին՝ ընդգծեց, որ նրանք ՀՀ տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ՝ ականապատում, և այդ աշխատանքները զուգորդվել են նախազգուշացնող նշանների տեղադրմամբ․ «Դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Սա գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»։ 

Նշենք, որ այսօր մամուլում առևանգված հայ զինծառայողներից երեքի լուսանկարը տարածվեց, որտեղ ակնհայտ էր, որ նրանց գլուխներն ու ձեռքերը կապված են կպչուն ժապավենով։ 

Նարա Մարտիրոսյան