Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երաշխիք չկա, որ միջադեպը չի կրկնվի, բայց մենք կոշտ պայման ենք դրել․ մեր կողմից ի սկզբանե տրվել էր մեկ ժամ վերջնաժամկետ․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Երաշխիք չկա, որ միջադեպը չի կրկնվի, բայց մենք կոշտ պայման ենք դրել․ մեր կողմից ի սկզբանե տրվել էր մեկ ժամ վերջնաժամկետ․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
Հայաստան
16:19, 27 май 2021
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր ՊՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ առավոտյան մեր զինծառայողներից 4-ին մոտեցել են ադրբեջանիցներ և զենք ուղղել նրանց վրա։ 

«Մեր երկու զինծառայողները, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով՝ մոտեցել են հակառակորդին, բայց փաստորեն՝ հակառակորդը լինելով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը՝ զինաթափել և գերեվարել են մեր 6 զինծառայողներին։ Ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Մենք ունենք Արցախում տեղակայված ռուսական զինվորական համակազմի խաղաղապահ ուժերի շտաբի հետ, մշտապես կապը պահպանում ենք իրենց հետ, բանակցային գործընթացը շարունակվում է։ Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի հետ քաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը, որ մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք արդեն ժամը հինգից մինչև 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել ենք իրենք դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեր համար ընդունելի չէ, և ԶՈՒ-ն նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»,-ասաց Էդվարդ Ասրյանը։

Ի հավելումն նա նշեց, որ բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, որպեսզի բարդ իրավիճակներ չստեղծի, փորձում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը, որը շատ ցավալի է  բոլորիս համար։ 

«Միանշանակ հաստատում եմ որ երաշխիք չկա, որ միջադեպը չի կրկնվի, բայց մենք կոշտ պայման ենք դրել՝ 6 զինծառայողին հետ վերադարձնել, և եթե այդ պայմանից ետ չկանգնենք կհասնենք մեր նպատակին։ Ես խոսել և փոխանցել եմ ռուս խաղաղապահներին մեր պահանջի մասին»,-նշել է Ասրյանը՝ հավելելով․ «Մեր և Ադրբեջանի ԳՇ-ի միջև ուղիղ կապ չկա, բայց դաշտային պայմաններում հրամանատարների միջև կա ուղղակի կապ շփման գծում»։
 
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ մեր կողմից ի սկզբանե տրվել էր մեկ ժամ վերջնաժամկետ՝ մեր զինծառայողներին հետ վերադարձնելու համար․ «Հետագայում ռուսական կողմը կապ էր հաստատել ադրբեջանական կողմի հետ և ներկայացրել մեր պահանջը, որից հետո Ադրբեջանի համապատասխան կառույցը խորհրդակցություն էր սկսել՝ մեր պահանջը քննարկելու համար, և ռուսական կողմը ներկայացրել էր մեզ, որ քննարկումներից հետո նոր կդիտարկվի մեր պահանջը։ Դրանից հետո մենք նոր վերջնաժամկետ չենք սահմանել, բայց կոշտ հայտարարել ենք, որ մեր այդ պահանջից չենք հրաժարվելու և Ասրբեջանը պետք է հետ վերադարձնի մեր զինծառայողներին»,-շեշտել է  է Ասրյանը։