Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե խնդրին սկսենք լուծում տալ ռազմական ճանապարհով, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից ողջ դուրս գալ չեն կարող»․ Ասրյան

«Եթե խնդրին սկսենք լուծում տալ ռազմական ճանապարհով, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից ողջ դուրս գալ չեն կարող»․ Ասրյան
Հայաստան
16:54, 27 май 2021
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր ՊՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով 6 հայ զինծառայողների գերեվարման պատճառներին, ասաց․ «Ռազմական ստորաբաժանումը շրջափակելով թշնամուն՝ պետք է կիրառի ուժ, զենք, որը նրան կստիպի լիարժեք ետ քաշվել մեր սահմաններից, բայց երբ շրջափակում ես և զենք չես կիրառում, ապա ստացվում է այնպես, ինչպես ստացվեց, և դա կարող է տեղի ունենալ նորից, որովհետև, երբ հայտնվում եք իրար դիմաց և երկուստեք զենք չեք կիրառում, ապա կարող են տեղի ունենալ նման բաներ»։

Ասրյանն ասաց, որ մինչ այդ իրենք շրջափակել են ադրբեջանցիներին, առաջ ենք քաշել պայմաններ, որ պետք է դուրս գան մեր տարածքներից, և ադրբեջանցիները որոշակի չափով կատարել են այդ պայմանը․ «Սակայն մեկ այլ ուղղությունում ստեղծել են այլ իրավիճակ»։

Հարցին, թե, ի վերջո, թշնամին քանի՞ հոգով է հատել ՀՀ սահմանը Սև լճի և Գեղարքունիքի հատվածում, Ասրյանը պատասխանեց, որ ռազմական ղեկավարությունը թշնամու զորքի քանակության վերաբերյալ մարդու քանակով չի տալիս գնահատական, այլ մենք հակառակորդին գնահատում ենք ստորաբաժանումներով՝ վաշտ, գումարտակ , գունդ, դիվիզիա։ 

«Ներկա վիճակով հակառակորդի քանակը սահմանի ամբողջ երկայնքով չի գերազանցում 1000-ը, և այդ քանակը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի»,- հայտարարեց Ասրյանը։ 

«Եթե մենք խնդրին սկսենք լուծում տալ ռազմական ճանապարհով, ապա իրենք՝ այդ 1000 զինծառայողները միանշանակ մեր տարածքից ողջ դուրս գալ չեն կարող՝ կոչնչացնենք բոլորին»։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ չկրակելու հրաման քաղաքական ղեկավարությունը չի տալիս։ «Չկրակելու հրամանի որոշում կայացնում է ռազմական ղեկավարությունը։ Քաղաքական ղեկավարությունը որոշում է խնդրի հանգուցալուծման համապատասխան ուղղությունները, պայմանները»,-նշեց Ասրյանը՝ հավելելով․ «Եթե մենք զգանք, որ այլևս չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել և զգանք, որ հակառակորդը պատրաստվում է այլ գործողությունների դիմել, տեսնենք նախանշաններ, ապա միանշանակ կկիրառենք ռազմական ուժ»։