Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առաջնագծում երկրորդ և երրորդ պաշտպանական գծեր չեն եղել»․ Վովա Վարդանովը հակադարձում է Սերժ Սարգսյանին

Civic.am-ը զրուցել է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ, որն իր ջոկատով մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նրա խոսքով՝  Քարվաճառում, որտեղ ինքն է եղել, միայն առաջնագիծ է եղել, և եթե երկրորդ գիծ լիներ, ապա իրենք, օրինակ, ստիպված չէին լինի երկրորդ գիծ փորել և հրետանային հարվածի տակ ընկնել, որի արդյունքում զոհվել է ՈՄԱ-ի հրահանգիչ Բադալ Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում նշել էր, որ մենք ունեցել ենք պաշտպանական թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ գծեր։

«Չկար էնտեղ երկրորդ գիծ ընդհանրապես։ Սարերում, միգուցե անիմաստ էր թվում շատերին, որ երկրորդ գիծ պետք է լինի, բայց պետք է լիներ և ժամանակին հրամանատարությունը դրա մասին չի մտածել, և մենք կրակոցների ներքո էինք երկրորդ գիծ փորում», - պատմեց Վովա Վարդանովը։

Ի հակառակ հնչած քննադատությունների՝ Վարդանովը հավաստեց, որ ՕՍԱ ՕԿԱ-ները կրակել են և կիրառվել, հենց իրենց մոտ ՕՍԱ ՕԿԱ-ի ընդամենը մեկ անձնակազմը մոտ 22-26 անօդաչու է ոչնչացրել։

Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանության բանակի կողմից Կիրովաբադի խաղաղ բնակչությանը թիրախավորելու սենսացիոն հայտարարության հետ կապված, Վովա Վարդանովն ասաց, որ հավանաբար Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել ոչ թե քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը, այլ որ հայկական կողմը վրիպել է՝ նպատակ ունենալով կրակել օդանավակայանին։

Վարդանովը նաև ասաց, թե չնայած Արցախի անվտանգության երաշխավոր է հայտարարված Ռուսաստանը՝ ի դեմս խաղաղապահների, հայ զինվորն ու զինծառայողներն են հիմնական սահման պահողները։ «Էնտեղ եղած խելքը գլխին, պատերազմի փորձ ունեցող, մարզված հայերը»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 
Վովա Հակոբյան