Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիի հարցը եղել է 1999 թ., փաստաթղթում, 2007 թ. փաստաթղթում, 2016 և 2018 թթ. փաստաթղթերում. Փաշինյան

Շուշիի հարցը եղել է 1999 թ., փաստաթղթում, 2007 թ. փաստաթղթում, 2016 և 2018 թթ. փաստաթղթերում. Փաշինյան
Հայաստան
13:39, 28 май 2021
Շուշիի հարցը միշտ եղել է բանակցային գործընթացում, այսօր ՔՊ անդամների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Շուշիի հետ կապված թեմային։ Վերջերս հրապարակված փաստաթղթում, որտեղ 1999 թվականին Մեղրիի փոխանցման ծրագիրն էր քննարկվում, այդ փաստաթղթում հետաքրքիր ձևակերպումը հետևյալն է։ Ասում է՝ Մեղրիի շրջանը փոխանցվում է Ադրբեջանի հանրապետությանը, և Լեռնային Ղարաբաղը, Շուշիի շրջանը և Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանին։ Ես էդ փաստաթղթի բովանդակությանը հլա չեմ անդրադառնում, բովանդակությանը ուշադրություն դարձրեք։ Այսինքն՝ Շուշին առանձնացված է Լեռնային Ղարաբաղից և դրված է Լաչինի հետ նույն շարքի մեջ։ Եվ մեզ շատ ներակայացուցիչներ ասում են՝ դե Շուշիի հարց չի եղել։ Ես նոյեմբերին հայտարարել եմ, ասել եմ՝ Շուշիի հարցը միշտ եղել է բանակցային գործընթացում։ Եվ ընդհուպ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից ասում են՝ չի եղել ըտենց թեմա։ Բայց հետո մենք եկանք, թեման մինչև վերջ բացեցինք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին։

«Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ինքը Ղարաբաղի հարցը լուծելու է, ես զգուշորեն թեման բացեցի, և իրենք արձագանքեցին։ Եվ պարզվեց, որ իրենց պատկերացմամբ՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող հանրաքվեի միջոցով։ Ես հարց բարձրացրի՝ բա էդ 1988 թվականի Ադրբեջանի բնակչությունը բնակչություն է, թե՞ չէ։ Եվ իրենք՝ ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ՝ այո, նրանք էլ էին մասնակցելու հանրաքվեին, բայց ԽՍՀՄ տարիների չափաքանակով։ Կարելի է եզրակացնել, որ այս համատեքստում բնակիչ է համարվում ոչ միայն նա, ով ծնվել է, հետո դուրս է եկել, այլև դրանից հետո ծնված նրա երեխան, թոռը և այլն։ Հաջորդ խնդիրը՝ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել ԼՂ-ում։ Երբ ՀՀԿ-ականներն ասում են՝ ԼՂ բնակիչներով այդ հարցը լուծվելու էր, այդ բնակիչները որտե՞ղ էին ապրելու, որ բնակիչ դառնային։ Դուք գիտեք պատասխանը՝ ապրելու էին այնտեղ, որտեղ ապրել են 1988 թվականին։ Բա ես հիմա հարց եմ տալիս՝ էդ ո՞նց եք ասում, որ Շուշիի հարց չի եղել, երբ որ այդ հարցը եղել է 1999 թվականի փաստաթղթում, 2007 թվականի փաստաթղթում, 2016 և 2018 թվականների փաստաթղթերում»,- ասաց Փաշինյանը։