Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես նշում է, որ News.am-ի նյութի տեղեկատվությունը խեղաթյուրված է

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես նշում է, որ News.am-ի նյութի տեղեկատվությունը խեղաթյուրված է
Հայաստան
16:42, 30 май 2021
Անդրադառնալով News.am լրատվական կայքի՝ «Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից» վերտառությամբ հոդվածին, Առողջապահության նախարարությունը պաշտոնապես նշում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը խեղաթյուրված է:  

Հարկ ենք համարում նշել, որ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.12.2020թ. թիվ 2102-Ա որոշումը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները:

Գնումն իրականացվել է գնահարցման եղանակով: Կենտրոնի կողմից գնահարցում է իրականացվել «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ընկերություններին: «Մեդիսար» ՍՊ  ընկերությունը հանդիսանում է անհրաժեշտ ապրանքատեսակները արտադրող՝ «Thermo Fisher Scientific» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է 2018 թվականին կենտրոնի կողմից «Thermo Fisher Scientific» արտադրության «Applied Biosystems 3500» մոդելի անալիզատորի ձեռքբերման նպատակով իրականացված մրցույթի ամփոփման արդյունքներով ընտրված մասնակից և սարքի մատակարար:

Հաշվի առնելով գնման առարկայի անհրաժեշտության հրատապությունը, գնահարցման պահանջ է հանդիսացել՝ Գնային առաջարկները կարող են գնահատվել՝ գնային առաջարկ/մատակարաման ժամկետ հարաբերակցությամբ։ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի արժեքը կազմել է՝ 295867260,69 ՀՀ դրամ: Զոհված զինծառայողների գենետիկական նույնականացման գործընթացն արագացնելու նպատակով ձեռք է բերվել երկրորդ հոսքագիծը, որի մեջ ներառված են ԴՆԹ ավտոմատ անջատման սարք AutoMate Exspress DNA Extraction System (1 հատ), Proflex ամպիլֆիկատոր (1 հատ) և սեքվենատորը՝ ABI Prism 3500 վերլուծիչ (1 հատ), որը հնարավություն է տալիս միաժամանակ և ներբեռնել նմուշները վերլուծման համար և վերլուծել նախորդ նմուշները: Նախկին սեքվենատորը զուրկ է այդ հնարավորություններից: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև երկրորդ հոսքագծի ձեռք բերումը կատարվում էր մոտավոր 12 ոսկրային հյուսվածքներից անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ դրա համար հետազոտվում էր մինչև 30-35 փորձանմուշ, երկրորդ հոսքագծի ձեռք բերումից հետո հասել է մինչև 30 նունականացումներ, իսկ դրա համար հետազոտվել են առնվազն 60-ից 70 նմուշ:

Պետք է նշել նաև, որ այս ընթացքում կատարվել են նաև զինվորների հարազատներից վերցված արյան փորձանմուշների դատագենետիկական հետազոտություններ և նույնականացումներ այս սարքի օգնությամբ: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ABI Prism 3500 վերլուծիչի արտադրողականությունը 24 ժամյա ռեժիմի աշխատանքային պայմաններում կազմում է՝ օրական 2,2 ցիկլ, սարքը ունի հնարավորություն ներբեռնել միաժամանակ 90 փորձանմուշ, սակայն աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հետազոտվող փորձանմուշից ներբեռնվում է երկուական՝ ճշգրիտ ԴՆԹ ստանալու համար, բացի այդ ներբեռնվում են նաև համապատասխան ազդանյութերը, որոնց միջոցով տեղի է ունենում սեկվինավորման պրոցեսը, ինչպես նաև կիրառվում են ստուգիչներ, որոնք ներքին ստուգման համար են, աշխատանքների ճիշտ և սխալ արդյունքները հաստատելու համար:

Հոդվածում նշված սարքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը, «մասնավորապես ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ-ի էքստակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)` 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapperTM ID-X Software v1.6, Full Installation)` 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMagTM-2 Magnet), մազանոթների հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր» չի համապատասխանում մեր կողմից ձեռք բերված սարքերի ցանկին։ Ամբողջական տեղեկատվությունը հանրության համար հասանելի է ֆինանսների նախարարության www.gnumner.am կայքում:

Ինչ վերաբերվում է նմուշները արտասահման ուղարկելուն, ապա այդ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և խոսքը գնում է այն նմուշների մասին, որոնց հետ բազմիցս աշխատելուց հետո նույնականացման համար պիտանի գենետիկական բնութագիր չի ստացվել՝ ոսկրային հյուսվածքի ծագումնաբանությունից և որակից ելնելով: Հարկ է նշել, որ 3023 հետազոտված նմուշներից ընդամենը 50-60 նմուշի մասին է խոսքը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա են «ThermoFisher Scientific» ամերիկյան ընկերության, «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունների կողմից տրամադրված գնային առաջակները, որոնց չեն համապատասխանում հոդվածում նշված թվերը։

Առողջապահության նախարարությունը հավատարիմ է տեղեկատվության տրամադրման իր թափանցիկ քաղաքականությանը, ուստիև կոչ է անում լրատվամիջոցներին ստուգել ձեռք բերված տեղեկատվության հավաստիությունը՝ խուսափելով հանրությանը մոլորեցնող ապատեղեկատվության հրապարակումից, տարածումից, ու մեծ հաշվով, նաև զրպարտությունից: