Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Բյուրեղավան խոշորացված համայնք

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Բյուրեղավան խոշորացված համայնք
Հայաստան
20:59, 18 февраль 2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդակցություն է անցկացրել Բյուրեղավան խոշորացված համայնքում։
Քննարկվել են համայնքի ընթացիկ և առաջիկա ծրագրերը։

Խորհրդակցությանը մասնակցել են Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, վարչական շրջանների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։

Նախքան խորհրդակցությանն անցնելը՝ մարզպետն ընդգծել է մարզպետարան-համայնք միասնական աշխատանքի կարևորությունը:

«Մեր պետության համար բարդ ժամանակներ են։ Ճիշտ է, համայնքում տեսանելի փոփոխություններ են նկատվում, բայց, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, իրավիճակային որոշ փոփոխություններ տեղի ունեցան, շատ ծրագրեր կիսատ մնացին։ Միահամուռ պետք է աշխատենք՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և քաղաքացիների համար լավ ու բարեկեցիկ համայնք կառուցելու համար»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը։

Այնուհետև համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկայացրել է անցած տարի համայնքում կատարված աշխատանքները։

Ըստ Հ. Բալասյանի՝ 2020 թվականին համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝ Բյուրեղավան քաղաքի և Նուռնուս բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում, Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի բակի, շենքի արտաքին տեսքի բարեկարգում, Ջրաբեր բնակավայրում խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում, Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում (ծրագիրը նախագծային փուլում է գտնվում):

Անցած տարվա ընթացքում համայնքային բյուջեով և այլ ծրագրերով ձեռք է բերվել մշակույթի տան համար նախատեսված գույք, իրականացվել են նաև ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։

2020 թվականին Բյուրեղավան քաղաքի և Նուռնուս բնակավայրի գիշերային լուսահամակարգերը փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով, իսկ Ջրաբերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս տարի համայնքի կողմից կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել սուբենցիոն 3 ծրագրային հայտ։

Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ նախատեսվում է համայնքի բնակավայրերում կառուցել ոռոգման համակարգ, ինչպես նաև արդիականացնել նախկին մաշված համակարգերը:

Մարզպետ Մեսրոպյանը հորդորել է կատարվող և նախատեսված ծրագրերի ողջ ընթացքը պահել խոշորացույցի տակ, շինաշխատանքներն իրականանցնել գործող նորմերին համապատասխան, ավարտել՝ սահմանված ժամկետներում։
Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջայց է կատարել համայնքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որը բացվել է 2020 թվականին, համայնքի քաղաքային պոլիկլինիկայում, որի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը վերանորոգվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով: Մարզպետին ներկայացրել են, որ պոլիկլինիկայի ներքին վերանորոգման աշխատանքների իրականացման համար սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել։

Բացի այդ, այս տարի բուժհաստատությունը ծրագրում է լիզինգային ծրագրով ձեռք բերել ռենտգեն սարք, սեփական միջոցների հաշվին՝ լաբորատոր սարքեր:

Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջել է նաև քաղաքում գործող մանկապարտեզում։

Կրթական այս օջախում վերջին տարիներին համայնքի բյուջեով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով՝ մանկապարտեզը չէր գործում, այն կվերաբացվի մարտի 1-ից: