Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանցիների ընտրությունը խոսում է այն մասին, որ իրենք ունեն հիշողություն, և իրենց տարիներով հարստահարած, իրենց ընտրությունը կեղծած, երկիրը ամայացրած «կենդանիներին» ցույց են տալիս նրանց տեղը՝ քաղաքական աղբամանը

Սիսիանցիների ընտրությունը խոսում է այն մասին, որ իրենք ունեն հիշողություն, և իրենց տարիներով հարստահարած, իրենց ընտրությունը կեղծած, երկիրը ամայացրած «կենդանիներին» ցույց են տալիս նրանց տեղը՝ քաղաքական աղբամանը
Հայաստան
17:18, 28 март 2023
Մարտի 25-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ողջ ընթացքում կուսակցական և ֆեյսբուքում «անկողմնակալ» դիրքերից հանդես եկող որոշ շրջանակներ ողբանվագ աղաղակներով խոսում էին ընտրակեղծիքների, ընտրակաշառքների մասին։ Ընտրակաշառքից խոսողները այդպես էլ գոնե կես ապացույց չկարողացան ներկայացնել։ Իսկ մենք հիշում ենք, թե Հանրապետական իշխանության տարիներին, երբ իրոք ընտրակաշառքը ընտրությունների անբաժանելի մաս էր, որքան ապացույցներ, փաստեր էին հրապարակվում ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ։ Ավելին՝ այս պահի դրությամբ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի պահանջով ԿԸՀ-ում դիմումներ, ինչպես նաև այլ դիմում-բողոքներ չեն ստացվել։ 

Ընտրությունների արդյունքների պարզ դառնալուց հետո էլ այդ նույն շրջանակները, որ խոսում էին խախտումների և ընտրակաշառքի մասին, սկսեցին մեղադրել այն քաղաքացիներին, ովքեր ընտրել են «Քաղաքացիական պայմանագրին»։ Եթե ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա ինչո՞ւ են այդ շրջանակները մեղադրում մարդկանց, որ վերջիններս ՔՊ-ին են տվել իրենց քվեն։ Եթե իրոք ընտրակաշառք է բաժանվել, արդյունքները կեղծվել են, ապա ընտրությունների արդյունքները ձևավորվել են ոչ թե մարդկանց քվեարկության, այլ՝ ընտրախախտումների արդյունքում։ Սրանից ակնհայտ է դառնում, որ այդ շրջանակները ևս վստահ են, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվել, և քաղաքացիները իրենց ձայնը տվել են «Քաղաքացիական պայմանագրին»։  

Նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձել էր թեմային։ Զոհրաբյանը իր «ճոխ» ու վուլգար բառապաշարով վիրավորանքներ է հնչեցրել ՔՊ-ին ձայն տված քաղաքացիների հասցեին՝ միաժամանակ անդրադառնալով նաև «ռաբիս ողբ» կապած մարդկանց, ովքեր զարմացել և զայրացել էին քաղաքացիների ընտրությունից։ «Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնելուց մի քանի օր հետո իշխանասարցիք, Մայա Պլիսեցկայայի հայտնի պռիժոկով, գնացին ու իրենց համար համայնքապետ ընտրեցին Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնած նիկոլականության ներկայացուցչին։ 

Նրանց գլխին ավտոմատ չէին պահել ու չէին սպառնացել թլպատել. նրանք գիտակցված, ինչքան որ աղերս ունեն «գիտակցություն» կենսաբանական եզրույթի հետ, գնացին ու ընտրեցին սեփական մորթը։ 

Հիմա երեկվանից էս ի՞նչ ռաբիս ողբ եք բարձրացրել Սիսիանի ընտրությունների մասով։ Եթե Անգեղակոթում, որի միջով Ալիևը շուտով ճանապարհ է վերցնելու, բեսեդկում թառած բիձեն, նարդի շխկացնելով, համոզում է, որ Սյունիքի կեսը թուրքինն է, սիսիանցիների վրա՞ ինչի եք զարմացել»,- մասնավորապես գրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ երբևէ զբաղված տիկինը։  

Քիչ թե շատ պատմություն սովորած մարդը գիտի, որ խորհրդային տարիներին Սյունիքից հսկայական տարածքներ են տրվել Ադրբեջանին, անգամ՝ 10-յակ գյուղեր, և դժվար չէ պատկերացնել՝ ինչ է նկատի ունեցել տարեց սյունեցին, որի խոսքը մանիպուլացնում է Զոհրաբյանը։ 
 
Քաղաքացիների կողմից մերժված մարդիկ ու ուժերը այդպես էլ չհասկացան, որ այլևս շանսեր չունեն ստանալու մարդկանց վստահությունը։ Կամ, հավանաբար, հասկացել են, և դա է պատճառը, որ անթաքույց հայհոյում են իրենց մերժած քաղաքացիներին՝ գիտակցելով, ինչքան որ աղերս ունեն «գիտակցություն» կենսաբանական եզրույթի հետ, որ այդ քաղաքացիները վերջնական և անվերադարձ նետել են իրենց քաղաքական աղբամանը։ 

Իսկ մարդկանց ընտրությունը խոսում է այն մասին, որ իրենք ունեն հիշողություն, և իրենց տարիներով հարստահարած, իրենց ընտրությունը կեղծած, երկիրը բռնազավթած, ամայացրած ու թալանած «կենդանիներին» ցույց են տալիս իրենց համապատասխան տեղը՝ քաղաքական աղբամանը։
 
Վովա Հակոբյան