Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը. վարչապետ

«Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»,- այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ մասին հաստատել է ՌԴ ՊՆ-ն:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը և ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը:

«Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և կրկին կարևորեց ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խումբ գործուղելը: 

«Նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Ներխուժման փաստն արձանագրել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ, մասնավորապես, ասվում է. «2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ: Ադրբեջական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ», - ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: 
 
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով: 2054 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային   ճանապարհը: Ադրբեջանը սա բացատրում է իբր թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով: Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ, գուցե խնդիրն արժանի չլիներ հատուկ ուշադրության»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է:

«Հարկ եմ համարում նորից կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար, Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը, հիշեցնեմ, Ադրբեջանն ինքն է մերժել՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ: Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելն է: 
 
Իսկ որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է: Եվ մենք պիտի հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»:
 
Մանրամասն՝ տեսանյութում