Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ի մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցությունը Հայաստանի հարավային շրջանում շարունակական բնույթ ունի

ԵՄ-ի մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցությունը Հայաստանի հարավային շրջանում շարունակական բնույթ ունի
Հայաստան
14:52, 03 июнь 2021
Սյունիքի մարզ այցելության վերջին օրը դեսպան Վիկտորինը ժամանեց Կապան, որտեղ նրան դիմավորեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Հանդիպումը նվիրված էր տարածաշրջանում մարդասիրական իրավիճակին և միջնաժամկետ համագործակցության հեռանկարներին, և դեսպանն ընդգծեց միասին աշխատելու կարևորությունն ի նպաստ սյունեցիների։

Կապանում դեսպանն այցելեց Կապանի պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս, որը հիմնադրվել է ԵՄ կանաչ օրակարգի ֆինանսական միջոցներով՝ պլաստիկ թափոններից շինանյութի ստացման նպատակով։ Ծրագիրն իրականացվել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Կապանի քաղաքապետարանի կողմից։

Դեսպանը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ շրջեց քաղաքապետարանի հարակից այգում, և օգտվելով հնարավորությունից, զրուցեց տեղական նախաձեռնող խմբերի և երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների հետ։ Նրանք  Եվրոպական միության, Համայնքների ֆինանսիստների միավորման, և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության օժանդակությամբ իրականացրել են հանրային տարածքների բարեկարգման մասնակցային ծրագրեր՝ բացօթյա ժամանցն ընդլայնելու և տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։   

Լսելով քաղաքային զարգացման վերաբերյալ մտահոգություններն ու գաղափարները՝ դեսպանն ընդգծեց համայնքի մարտահրավերներին արձագանքելու գործում համապարփակ մոտեցման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության կարևորությունը։ Օրը եզրափակվեց Տաթևի զարմանահրաշ վանք այցելությամբ։

ԵՄ-ի մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցությունը Հայաստանի հարավային շրջանում շարունակական բնույթ ունի և ավելանում է՝ մարդկանց և բիզնես կազմակերպությունների դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։