Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերսկսվել են Մարտունի համայնքի Վարդենիկ եւ Երանոս գյուղերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները

Վերսկսվել են Մարտունի համայնքի Վարդենիկ եւ Երանոս գյուղերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները
Հայաստան / Տնտեսություն
23:05, 05 апрель 2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում վերսկսվել են Վարդենիկ եւ Երանոս գյուղերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայքնապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբերին եւ ընդհատվել 2023 թվականի հունվարին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 2023 թվականի ապրիլի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 35 տոկոսով։ Հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին։

Երանոսի մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա սեպտեմբերից եւ ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 2023 թվականի ապրիլի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 55 տոկոսով։ Կատարվում են նաեւ հիմքերի ուժեղացման աշխատանքներ։ Ծրագիրը նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին։

Մարտունու համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ եւ 4-րդ հարկերի հիմնանորոգման ծրագիրը եւս մեկնարկել էր 2022 թվականից եւ շարունակվել այս տարվա ընթացքում։ 2023 թվականի ապրիլի 5-ի դրությամբ շինարական աշխատանքներն ավարտված են։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 միլիոն 40 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայքնապետարանը։