Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԱՄԿ պատվիրակությունն անդրադարձել են աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԱՄԿ պատվիրակությունն անդրադարձել են աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին
Հայաստան / Տնտեսություն
21:42, 19 апрель 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)  աշխատողների  հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի  տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի  տնօրեն Սերգեյուս Գլովացկասին: հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք  հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին, գործատուների եւ աշխատողների աշխատանքային իրավունքների եւ շահերի պաշտպանության հարցերին:

Ըստ աղբյուրի՝ որպես սոցիալական գործընկերության շրջանակներում համագործակցության հիմնական նպատակ՝ կողմերն ընդգծել են Հայաստանում սոցիալ-աշխատանքային եւ դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը, որը պետք է ուղեկցվի զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ եւ սոցիալական արդարության ամրապնդմամբ: