Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն վաղվա նիստում կքննարկի թեկնածուների հասցեին հնչող հայհոյանքների ու վիրավորանքների հարցը ․Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ-ն վաղվա նիստում կքննարկի թեկնածուների հասցեին հնչող հայհոյանքների ու վիրավորանքների հարցը ․Տիգրան Մուկուչյան
Հայաստան
15:43, 11 июнь 2021
Վիրավորանքներով ու հայհոյանքներով ընթացող քարոզարշավը շարունակվում է։ Երեկ Սերժ Սարգսյանը Կապանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ զերծ չմնաց հայհոյանք հնչեցնելուց․ «Ճակատին նայեն և ասեն ողջույն բ․․ի տղա, դրանից ավելի մեծ կոմպրոմանտ ինչ պիտի անեն»,- ասաց Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին։

Civic.am-ը կապ հաստատեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ՝ ճշտելու ինչ զսպող մեխանիզմ է կիրառելու ԿԸՀ-ն իր թեկնածուների վերաբերյալ  նման բնույթի հայտարարությունները կանխելու համար։ 

«Այդ կապակցությամբ նաև դիմումներ էլ ունենք, կքննարկենք և հենց այդ փուլում էլ մեր դիրքորոշումը կարտահայտենք։  Վաղն ամենայն հավանականությամբ նիստ կգումարենք»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը։

Նշենք նաև, որ այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչող վիրավորանքներին ու հայհոյանքներին անդրադարձել է նաև ՄԻՊ-ը՝ մասնավորապես գրառելով հետևյալը․ «Նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ: Բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու: Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում․․․»: