Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծամորը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Մեծամորը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք
Հայաստան
15:51, 20 май 2023
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը. այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մեծամորցիներին տոնի առթիվ և կարևորել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը մի քանի շեշտադրմամբ. «Նախևառաջ այս ծրագիրը հնարավորություն է մրցակցային հիմունքներով երիտասարդներին մղելու իրենց քաղաքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը։

Հայաստանում այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է այն հանգամանքը, որ մարդն, անկախ իր բնակության վայրից, սոցիալական տարբեր որակյալ ծառայությունների հասանելիություն ունենա։ Այս մոտեցումն է դրված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրում և երիտասարդական քաղաքականության հիմքում։ Հաջորդ կարևոր մոտեցումը երիտասարդների համար համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու իրենց բնակավայրի, համայնքի, պետության, երիտասարդության վերաբերյալ տարաբնույթ հարցեր, ստանալու ոչ ֆորմալ կրթություն, իրազեկվելու պետական, միջազգային ծրագրերի մասին՝ ապահովելով իրենց մասնակցությունը»։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորն ուղենիշ է՝ քաջալերելու մյուս համայնքներին շահագրգիռ կողմերի՝ պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի, միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցությամբ նախաձեռնել և իրականացնել համայնքահեն ծրագրեր։ Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին առաջիկա ծրագրերի իրականացման կիզակետում պահել Մեծամոր համայնքը՝ որպես 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք։


Ներկաներին ողջունել է նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Մարզպետի խոսքով՝ սա հաղթանակ էր, որը հնարավորություն է տալիս երիտասարդական կյանքի աշխուժացման, համայնքի զարգացման, երիտասարդներին՝ իրենց մտքերն ու նորարար գաղափարները կյանքի կոչելու, այլ համայնքների հետ համագործակցելու։

«Սա նաև պատասխանատվություն է մեզ համար՝ պատշաճ իրականացնելու երիտասարդական մայրաքաղաքի համար նախատեսված միջոցառումները։ Վստահեցնում եմ՝ մեծամորցի երիտասարդները պատվով են իրականացնելու բոլոր ծրագրերը»,- ասել է Էդվարդ Հովհաննիսյանը։

ԿԳՄՍ նախարարության և Մեծամորի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Մեծամոր համայնքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:

Պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիրը, որը սկսվել է Մեծամորի հիմնի շնորհանդեսով։ Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել տեղական և միջազգային մշակութային մրցույթներում մասնակցած մեծամորցի երիտասարդները։ Համերգային ծրագրի հատուկ հյուրն էր Սրբուհի Սարգսյանը։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացել նորաստեղծ «Մետրոնոմ» բենդը։