Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակաօրինական վարքագծով բազմաթիվ անգամներ աչքի ընկած Գարիկ Գալեյանը երեկ վիրավորել է ոստիկաններին՝ փորձելով բախում հրահրել երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ

Հակաօրինական վարքագծով բազմաթիվ անգամներ աչքի ընկած Գարիկ Գալեյանը երեկ վիրավորել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետին։

 Երեկ, երբ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կալանավորված Գայանե Հակոբյանի աջակիցները եւ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ երթով շարժվում էին դեպի Կառավարության շենք, երթի մասնակիցները պարբերաբար փորձում էին լարել իրավիճակը։

Երթն առաջնորդող Գարիկ Գալեյանը, որն արդեն հասցրել է մի քանի անգամ աչքի ընկնել հակաօրինական վարքագծով, երբ, օրինակ, նախորդ տարի N զորամաս էր ապօրինի մուտք գործել եղբոր եւ Ազգուշ Մարտիրոսյանի հետ (Գայանե Հակոբյան) եւ հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրել, կամ 2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ՝ դպրոց ու մանկապարտեզ գրավել: Իսկ օրեր առաջ Աշոտ Փաշինյանին էր փորձում ավտոմեքենայի տակ գցել, տեսանյութում պարզ երեւում է, որ Գալեյանը ճանապարհը թեքում և մեքենան վարում է Աշոտ Փաշինյանի ուղղությամբ։

Գալեյանը երեկվա երթի ընթացքում բավականին ագրեսիվ վարքագիծ էր դրսեւորում եւ վիրավորում էր ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանին՝ բղավելով. «Հա, ու ժպտում ես հա՞, առանց վատ զգալու, այ հարի՛ֆ»։ Այնուհետեւ, անհարգալից ձեւով գոռում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալի Վարդան Վարդանյանի վրա, ով փորձում էր վերջինիս կարգի հրավիրել։

Ստացվում է՝ բազմաթիվ անգամներ հակաօրինական վարքագիծ դրսեւորած վտանգավոր անձը ազատ մասնակցում է հանրահավաքների և դեռ մի բան էլ ոստիկանին վիրավորում իր ծառայողական պարտականությունները կատարելիս՝ այդպիսով բախում հրահրելով երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։