Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունենք հնարավորինս արագ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության. վարչապետը՝ նաև պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների մասին

«Առաջիկայում ԱԺ-ում կսկսվեն 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները»,- այսօր՝ մայիսի 22-ին, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով մի քանի տվյալ՝ վարչապետը նշեց, որ 2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ. «Սա այն գումարն է, որ փաստացի մուտքագրվել է պետբյուջե: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 մլրդ դրանով կամ 66.3 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը 2022 թվականին 2017-ի համեմատ ավելի են եղել 150 մլրդ դրամով կամ 163 տոկոսով»:

Վարչապետը հիշեցրեց, որ 2021-22 թվականներին ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. «2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն դրամ, ինչը շուրջ 7 մլրդ դրամով ավելին է, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած: Այսինքն՝ 6 տարիների հանրագումարից 7 մլրդ-ով ավելի շատ հարկ է վճարել 2022 թվականին»:
Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, պետական բյուջեի եկամուտները առանցքային նշանակություն ունեն երկրի բոլոր, այդ թվում՝ անվտանգային, մարդկային կապիտալի զարգացման խնդիրների լուծման համար, և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ապահովում են պետական բյուջեի եկամուտները:

Անդրադառնալով ռազմաքաղական իրադրությանը՝ վարչապետը նշեց, որ այն մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. «ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը: Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխամաբար՝ 29.800 քառ. կմ և 86,6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»:

Ինչպես նշեց վարչապետը, մեր քաղաքացիները հենց խաղաղության ուղերձներ են հղում կառավարությանը, որի վրա էլ հիմնված է լինելու կառավարության քաղաքականությունը: