Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեյցարիայի, Կայմանյան կղզիների, Պանամայի օվշորային գոտիների տեղը մենք չգիտե՞նք, հենց մենք ենք ընդունել օրենքը, որ՝ աուդիտորական ընկերություն ջան, գնա, ստուգի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ ՔՊ-ն․ վարչապետ

Այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսում «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը վարչապետին հարց ուղղեց, թե Փաշինյանը հաճախ է խոսում ԶԼՄ-ների և քաղաքական ուժերի ֆինանսական թափանցիկության մասին, մինչդեռ հակակոռուպցիոն հանձնաժողով է ներկայացվել  աուդիտորական կազմակերպության եզրակացություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ, ըստ որի՝ ՔՊ-ն իրավաբանական անձնացից 16 մլն 300 հազար դրամի աջակցություն է ստացել և 2 տարածք, իսկ 525 նվիրրատուների մասով չկա տեղեկություն։ 

Վարչապետն ի պատասխան ասաց, թե տեղյակ չէ հրապարակման մասին՝ խոստանալով հետաքրքրվել՝ ինչի մասին է խոսքը։ «Այդ բոլոր ստուգումները, վերստուգումները իրականացվում են այն օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք մեր քաղաքական թիմն է որոշել և ընդունել։ Եթե խնդիր ունենայինք այդ «ոչ պոզով, ոչ պոչով կենդանուն՝ կոռուպցիային, թաքցնել, մենք էդ օրենքները չէինք ընդունի, որովհետև ՀՀ-ում օրենքներն ընդունված էին էնպես, որ այդ պոզով-պոչով կենդանիները հանգիստ ապրեին»,-շեշտեց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ ստուգումներն իրականացվում են իրենց քաղաքական թիմի որոշումներով՝ կոռուպցիա թույլ չտալու համար։  

«Էդ մե՞նք չենք ընդունել էտ օրենքները։ Եթե մենք չընդունեինք, ոչ մեկ ոչ կստուգեր, ոչ կիմացվեր, ոչ կհրապարակվեր։ Ձեզ թվում է՝ Շվեյցարիայի տեղը մենք չգիտե՞նք, Կայմանյան կղզիների, Պանամայի օվշորային գոտիների տեղը մենք չգիտե՞նք։ Հենց մենք ենք ընդունել օրենքը, որ՝ աուդիտորական ընկերություն ջան, գնա, ստուգի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ ՔՊ-ն»,-եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում