Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պե՞տք է մտածենք թշնամական միջավայրի հետ միայնակ մնալու մասին, թե՞ ոչ. այ, չմտածելը կլինի դավաճանություն. վարչապետ

«Շատ են ասում, թե ինչու ՀՀ-ն համաձայնեց ԵՄ դիտորդների մուտքին, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնում. շատ պարզ պատճառով՝ որովհետև անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որում փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են: Եվ մենք ՀԱՊԿ-ի մեր այսօրվա դիրքորոշումները համեմատում ենք մեր երկկողմ հարաբերություններում կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր բազմակողմ հարաբերություններում փոխադարձաբար ունեցած իրավական պարտադիր պարտավորությունների հետ:

Երբ այդտեղ դիսոնանս ենք տեսնում, մենք ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք սկզբում այս դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիտորինգի, որովհետև առանց այդ դիսոնանսի հարցը լուծելու չի կարող մոնիտորինգի առաքելությունը արդյունավետ լինել»,-  այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ ԵՄ-ի հետ այդպիսի դիսոնանս չունենք, որովհետև իրենց հետ չունենք անվտանգության ոլորտում կնքած որևէ փաստաթուղթ, պայմանագիր, որը նրանք, մեր ընկալմամբ, ամբողջությամբ չեն իրականացնում:

«Անվտանգությունը առաջին հերթին տեսնում ենք մեր տարածաշրջանում խաղաղություն ունենալով, որովհետև անվտանգության միակ երաշխիքը տևական, ինստիտուցիոնալ, համապարփակ խաղաղությունն է մեր միջավայրի, մեր տարածաշրջանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հակառակ դեպքում մի իքս պահի երրորդ ուժը կարող է ասել՝ ես չեմ ուզում ձեզ աջակցել, ես էլ իմ խնդիրներն ունեմ, և մենք միայնակ կմնանք մեր թշնամական միջավայրի հետ դեմ հանդիման. «Մենք պե՞տք է մտածենք դրա մասին, թե՞ ոչ. չմտածելը այ կլինի շատ կոնկրետ դավաճանություն ՀՀ պետական շահերին»: