Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ի՞նչ տարածքով է նախկինում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը երբևէ համարվե՞լ է տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ հարց վարչապետին

«Հայաստանը նախկինում ի՞նչ տարածքով է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը երբևէ համարվե՞լ է տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Այս հարցին ի պատասխան իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել, թե ինչ տարածքով։

«Ադրբեջանն էլ ասել է՝ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել, թե ինչ տարածքով։ Ամբողջ պրոցեսը սկսած Ալմա Աթայի հռչակագրից գնացել է այս տրամաբանությամբ, չնայած Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվում պետական սահմանների, ինչը չի նշանակում, որ հետագայում կարող են նաև որոշակի դեմարկացիոն գործընթացների արդյունքում որոշակի ճշգրտումներ լինել», - ասաց Փաշինյանն ու անդրադառնալով Արցախի՝ տարածքային վեճ լինել չլինելուն ասաց․ «պետք է այդ հարցին մոտենանք դե յուրե և դե ֆակտո տեսանկյուններից։ Մի կողմից, երբ մենք ասում ենք և ասել ենք, որ սա տարածքային վեճ չի, սա ինքնորոշման հարց է, ապա հարց է առաջանում, թե Հայաստանն ո՞վ է։ Ես Հայաստանի Հանրապետությունն եմ։
Հարց է առաջանում՝ իսկ ու՞մ ինքնորոշման մասին է հարցը։ Պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի։ Կրկին հարց է առաջանում՝ ինքնորոշում նշանակում է ինքը պետք է որոշի, իսկ ինքը ու՞ր է։ Այսինքն՝ եթե ինքը չի խոսողը, ավտոմատ վերածվում է տարածքային վեճի երկու կողմերի միջև։ 1998 թվականի էդ փոխակերպումը հենց դա է նշանակել։ Եվ սա նոր բան չէ։ 1997-98 թթ․-երին քաղաքագետներն ասում էին, որ ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելով ստացվում է, որ հարցը տեղափոխվում է այլ հարթություն և միջազգային հանրությունը, սկսելու է հարցը ընկալել որպես տարածքային վեճ, ինչը տեղի է ունեցել»։