Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը երբեք կադաստրի վկայական չի ունեցել. եթե ստացվի այն, ինչ մենք ուզում ենք անել, պատմության մեջ առաջին անգամ կստանանք այդ վկայականը. Նիկոլ Փաշինյան

«Այս մեր ժամանակաշրջանում հերոսականությունը ամենամեծ պրոբլեմն է, որ մենք կարող ենք ունենալ, խնդրում եմ չշփոթել հերոսության հետ: Այս ճակատագրական շրջանում մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր և ով է ավելի հաղթական, կարող է շատ մեծ պրոբլեմներ առաջացնել»,- այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, որն առնչվում էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը և առաջ քաշած թեզերին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն, ինչ դուք ասացիք, ինձ համար զարմանալի էր, որովհետև նույն Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք,  ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդ հռչակագիրն ունի մի իմաստ. երկրներն ընդունում են, որ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ, և ընդունում են այդ սահմանների անխախտելիությունը: Եվ այդ փաստաթղթի վավերացման ժամանակ պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը»:

Մեջբերելով «Զերկոլո»-ին հարցազրույց տված Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն՝ հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է եղել իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը. գոնե հիմա չասեն»:

«Հիմա էլ հարցազրույց են տալիս ու ասում են՝ այ, 95 թվին սենց պետք է լիներ, 97-ին՝ սենց, հետո գալիս վրձինը վերցնում ասում են՝ 98 թվին սենց պետք է լիներ, 2003-ին՝ սենց, 2007-ին՝ սենց, 2008-ին՝ սենց, 13-ին՝ սենց, 14-ին՝ սենց. ընկերներ, թող լիներ: Բա 98-ի իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական էին իրենք, թող դուրս գային ասեին՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ղարաբաղի անկախությունը ճանաչում ենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել. «Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե. մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր հարգավիճակը»:

Մանրամասն՝ տեսանյութում