Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իգական սեռի քաղաքացիները 6-ամսյա ժամկետը լրանալու հիմքով իրավունք են ունենալու զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության․ Սուրեն Պապիկյան

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ»,-այդ մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով վերոնշյալ նախագծերի փաթեթը, ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ որ սահմանվում են իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները։

«Մասնավորապես, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները, մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը, կամ հոկտեմբերի 1-ը, այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել  նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը։ Մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակոչին։ Խոսքը վերաբերում է ամառային և ձմեռային զորակոչերին։ Իսկ այդ ժամկետներից հետո ներկայացված դիմումներով՝ դիմումի տրման օրվան հաջորդող զորակոչին հաջորդող զորակոչի ժամանակ։
Դիմումը տալուց հետո իրավունք են ունենալու մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով իրավունք են ունենալու զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց ծրագրով դիմել և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Այդ դեպքում, բնականաբար օգտվելով նշյալ ծրագրի բոլոր արտոնություններից։ 

Մանրամասները՝ տեսանյութում