Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նեմեսիսի» արձանը չի կարող խաթարել հայ-թուրքական հարաբերությունների կայունացումը․ Թուրքիայում փառաբանում են Ցեղասպանության հեղինակներին՝ Թալեաթին, Էնվերին, բնականաբար Հայաստանն էլ համապատասխան մոտեցում կունենա․ Բագրատ Էստուկյան

Թուրքիայում նախագահական ընտրությունները բավականին խնդրահարույց անցան, ժողովրդի աչքի առջև զեղծարարություններ եղան՝ մասնավորապես Ուրֆա քաղաքում տղամարդիկ իրենց ընտանիքի բոլոր կանանց փոխարեն քվեարկեցին, ինչն արգելված է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի Ուրֆա քաղաքում միջնադարյան ֆեոդալիզմ է տիրում՝ ցեղապետներ կան, և այդ ցեղապետներն ամբողջ իրենց հպատակ ժողովրդի անունից կարող են խոսել և, հետևաբար, կարող են քվեարկել․ հատկապես կանանց փոխարեն քվեարկել են ամուսինները, եղբայրները, հայրերը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է վերընտրվել Թուրքիայի նախագահ միայն ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 52 տոկոսը։ Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Էրդողանն արդեն իսկ իր առաջին ելույթներում շարունակել է մեղադրել իր հակառակորդներին, հետևաբար Թուրքիայում չեն ակնկալում, որ առաջիկա 5 տարին խաղաղ կանցնի։ 

«Ակօս» թերթի խմբագրի դիտարկմամբ՝ Էրդողանի մրցակիցը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները՝ ընդհանուր ըմբռնում կա, որ Էրդողանն է ընտրվել։ 

Բագրատ Էստուկյանը հավելեց նաև, որ Թուրքիայի խորհրդարանում հայ ազգի միակ ներկայացուցիչը այս անգամ մասնագիտությամբ բժիշկ Սևան Սվաճիօղլուն է՝ Էրդողանի կուսակցությունից։ Նրա խոսքով՝ իրենց սպասումները նախկին պատգամավոր Կարո Փայլանից չեն արդարացել, մինչդեռ այս նոր պատգամավորից հայ համայնքն ակնկալիքներ ունի, որ կառավարության հետ գործ ունենալու պարագայում միջնորդի դեր կստանձի։  

Անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը և Թուրքիայի իշխանության կտրուկ արձագանքին և պահանջներին՝ «Ակօս»-ի խմբագիրը նշեց, որ թուրքական մամուլում չարծարծվեց այդ թեման, ինչպես նաև հասարակությունը չքննադատեց՝ սահմանափակվեց միայն Թուրքիայի արգործնախարարի ելույթներով։

Բագրատ Էստուկյանի համոզմամբ՝ «Նեմեսիսի» արձանը չապամոնտաժելը չի խաթարի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կայունացումը։ Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ Թուրքիայում փառաբանում են Ցեղասպանության հեղինակներին՝ Թալեաթին, Էնվերին, հետևաբար Հայաստանն էլ համապատասխան մոտեցում պետք է ունենա։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում