Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ

Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանը եւ Գեւորգ Պապոյանը:


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է 10 ծրագիր եւ 52 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 19,5 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 20,8 մլրդ դրամ, ճշտված պլանի նկատմամբ դա կազմել է 95,7 տոկոս կատարողական, ինչը 4,4 տոկոսով ավելի բարձր է եղել, քան 2021 թվականին:


ՀՀ նախագահի աշխատակազմն իրականացրել է 1 ծրագիր եւ 4 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 1,6 մլրդ դրամ, այնուհետեւ ճշտված պլանով նշված գումարը նվազեցվել է՝ դարձնելով 1,3 մլրդ դրամ: Փաստացի ծախսվել է 1,2 մլրդ դրամ, ինչը կազմել է ճշտված պլանի 92,7 տոկոսը: Սա փաստացի ավելի փոքր է եղել, քան 2021 թվականին ծախսված գումարը եւ կազմել է 2021 թվականի նկատմամբ 83,4 տոկոսը:


ՀՀ Ազգային ժողովն իրականացրել է 1 ծրագիր եւ 6 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 6,3 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 6 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված պլանի նկատմամբ 97 տոկոսը, ինչը նաեւ 11,7 տոկոսով ավելի է եղել, քան 2021 թվականի փաստացի ցուցանիշը:


Սահմանադրական դատարանն իրականացրել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 704 մլն դրամ, փաստացի ծախսվել է 733 մլն դրամ, որը ճշտված պլանի նկատմամբ 98,7 տոկոսն է եւ 2021 թվականի համեմատ 8 տոկոսով ավելի է:


Բարձրագույն դատական խորհուրդն իրականացրել է 1 ծրագիր եւ 22 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 14 մլրդ 227 մլն դրամ, այնուհետեւ տարեկան պլանն ավելացվել է՝ դառնալով 15 մլրդ 89 մլն դրամ,  փաստացի իրականացվել է 14,5 մլրդ դրամի ծախս, ինչը կազմել է ճշտված պլանի նկատմամբ 96 տոկոս կատարողական: Սա 17 տոկոսով ավելի է 2021 թվականի ծախսված գումարների համեմատությամբ:


ՀՀ արդարադատության նախարարությունն իրականացրել է 8 ծրագիր եւ 37 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 23 մլրդ 238 մլն դրամ: Ճշտված պլանով գումարն ավելացվել է՝ դառնալով 24 մլրդ 566 մլն դրամ: Փաստացի օգտագործվել է 23 մլրդ 191 մլն դրամը, ինչը կազմել է 94,4 տոկոսը: 18 տոկոսով ավելի բարձր է, քան 2021 թվականի փաստացի ցուցանիշները:


ՀՀ դատախազությունն իրականացրել է 2 ծրագիր եւ 8 միջոցառում, թեեւ նախատեսված է եղել 3 ծրագիր եւ 8 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 6 մլրդ 681 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով նախատեսվել է 7 մլրդ 306 մլն դրամ, փաստացի օգտագործվել է 7 մլրդ 267 մլն դրամ, որը կազմում է 99,5 տոկոսը: Սա 18 տոկոսով ավելացում կա 2021 թվականի համեմատ:


Պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում: Նախատեսված է եղել հատկացնել 758 մլն դրամ, ավելացման արդյունքում այն դարձել 777 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 773 մլն դրամի ծախս:


ՀՀ քննչական կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 7 միջոցառում:  Տարեկան պլանը կազմել է 8 մլրդ 209 մլն դրամ: Տարեկան ճշտված պլանը կազմել է 9 մլրդ 724 մլն դրամ, փաստացի օգտագործվել է 9 մլրդ 638 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,1 տոկոս: Հաշվետու տարում 2021 թվականի համեմատ ավելի է ծախսվել 19 տոկոսով:


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 350 մլն դրամ, ճշտված պլանը՝ 368 մլն դրամ, փաստացի ծախսը՝ 358 մլն դրամ՝ 97,2 տոկոս կատարողականով: Սա 66 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:


Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 4 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 966 մլն դրամ, ճշտված պլանը՝ 1 մլրդ 739 մլն դրամ, փաստացի ծախսը՝ 1 մլրդ 508 մլն դրամ, կատարողականը՝ 86,7 տոկոսը: Ավելացումը պայմանավորված է եղել «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննություն» միջոցառման գծով գումարների ավելացմամբ՝ պլանի համեմատ:


Հաշվեքննիչ պալատն իրականացրել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 1 մլրդ 49 մլն դրամ, ճշտված պլանը նվազեցվել է 1 մլրդ 30 մլն դրամի, փաստացի ծախսը կազմել է 985 մլն դրամ, կատարողականը կազմել է 95,6 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 1 մլրդ 268 մլն դրամ, այնուհետեւ տարեկան պլանը ճշտվել է՝ դառնալով 1 մլրդ 33 մլն դրամ, փաստացի իրականացվել է 936 մլն դրամի ծախս, որի կատարողականը կազմել է 90,6 տոկոս: